Հասարակություն

ԱՆԱՐԳՎՈՂ ԳՐԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴ (բանաստեղծուհու հիշատակի օրվան)

 «Խորհրդային շրջանի բազմաթիվ գրողներ դպրոցական ծրագրերում են հայտնվել ու կենդանի դասականի համարում ստացել իրենց ծառայամտության, իշխանության հավատարիմ բարձրախոսը լինելու, КГБ-ի հետ համագործակցելու ու բառի բուն իմաստով հակագրական գործունեության համար։ Իշխանությունը խրախուսել է նրանց արքայավայել կյանքով, ծառայողական մեքենաներով, գրողների միության նախագահի պաշտոնով, ակադեմիական կարիերայով եւ զանազան այլ շնորհներով՝ ստվերելով, դիտավորությամբ մոռացության մատնելով իրական գրողներին, գրական պրոցեսի իրական տերերին եւ աղավաղելով բուն այդ պրոցեսը»  (Արփի Ոսկանյան)։

Այս տողերի հեղինակն իմ լավ բարեկամ, չափազանց հետաքրքիր և նույնիսկ խիզախ խոհագրության հեղինակ Արփի Ոսկանյանն է: Թեև մեջբերումը խիստ մոտավորությամբ է համապատասխանում իրականությանը, բայց նպատակս այստեղ ոչ թե նրան քննադատելն է, այլ ոչ իր մեղքով գերազանցապես ՀՀՇ-ի ջանքերով ասպարեզ նետված և այսօր էլ հակոբմովսիսական ջանադրությամբ վերարծարծվող կեղծ մտայնության պատնեշը փշրելը: Իսկ որպեսզի մեր միջից իսպառ դուրս մղվի մեզ պարտադրված այս սուտը, հարկ է, որ թե՛ մեր գրականագետները, թե՛ մեր պատմաբանները Հայաստանի խորհրդային շրջանի պատմությունն ու գրական-պատմական ընթացքը ներկայացնելիս ոչ միայն համալսարանական դասընթացում, այլև դպրոցական դասագրքերում արժանավորապես ներկայացնեն այդ շրջանի գրողների գործունեությունը, որովհետև, ինչպես ասացի մի հեռուստաելույթիս ժամանակ, 60-ից 90-ական թվականների խորհրդային Հայաստանն ըստ էության գրողապետություն էր: Թե՛ ժողովուրդն էր ճշմարիտ խոսքի համար գրողներին լսում, թե՛ ղեկավարությունն էր ստիպված լինում լսել նրանց, որովհետև հատկապես հրապարակային քննադատությունը (այն էլ ղեկավարության նկատմամբ) այդ շրջանում լուրջ խնդիրներ էր առաջացնում (անկախության շրջանի պես չէր, որ արհամարհվեր ամեն մի քննադատություն): Մեղմ ասած` չարախոսություն է ներկայումս տարածում գտած այն տեսակետը, թե ՊԱԿ-ը իրավունք էր տվել «նոմենկլատուրային գրողներին» նաև քննադատելու իշխանություններին: Զառանցանք է սա` գրողների արժեքը նսեմացնելուն հետամուտ: Վաստակել էին նրանք այդ իրավունքը իրենց համբավով և այդ համբավը լիուլի ծառայեցնում էին հայությանը` հարկ եղած դեպքում բազմության առաջ կարմրեցնելով ամբարտավան «իշխաններին»: Քանի որ Կապուտիկյանի հիշատակի օրն է այսօր, առավելապես նրա օրինակով ցույց կտամ պայքարի մի քանի դրվագ, սակայն ընթերցողը թող վստահ լինի, որ այդ կարգի խիզախությունը գրեթե այդ ողջ սերնդի սեփականությունն էր, և եթե մեկ-երկուսն էլ պակաս համարձակությամբ էին խոսում, ապա համարձակ արտահայտվողների թիկունքին ամբողջ սերունդն էր կանգնում: Կապուտիկյանի` մի բանաստեղծության մեջ արտահայտված հետևյալ միտքը հանգիստ կարող է վերագրվել իր սերնդի բոլոր բանաստեղծներին.

Ինչքան դեռ ունեմ կյանք ու ճանապարհ,

Ինչքան հույզ ու լույս, ձիրք ու նվիրում,

Ապահովություն, անդորր ու համբավ,

Իմ մա՛յր ժողովուրդ, ես քե՜զ եմ բերում:

Մովսեսորդի Հակոբ Հակոբյանի համար երևի սա է քծնանքը:  Հ. Մաթևոսյանի խոսքով կհակադարձեմ. «Դու և քո խիղճը, Նեֆզատ Ուստյուն, դու և քո խիղճը»...

Հակոբանման արարածներից հետմահու ծեծ ուտող այս սերունդը դժվար ժամանակներում ձևավորվեց: Բոլորն էլ ենթակա էին ձերբակալության կամ աքսորի, մանավանդ որ գրեթե բոլորի դեմ կային բավարար չափով մատնագրեր: Երևի Հայաստանում բռնադատվածների պլանը գերակատարվել էր, դրանով այս գրողների բախտը բերեց: Իսկ աքսորի ամենից հավանական թեկնածուն Կապուտիկյանն էր, քանի որ «դաշնակ Բարունակի» աղջիկն էր, որի հորեղբորը` Երևանի կենտրոնի շենքերի մեծ մասը նախագծող (այդ շենքերի զգալի մասը վերացրին անկախ Հայաստանում) ճարտարապետ Մանվել Կապուտիկյանին, ձերբակալել ու գնդակահարել էին: Երկու անգամ երկուական տարով` 37–38 և 48–49 թվերին, նույն տագնապալի հոգեվիճակում է եղել Բարունակ Կապուտիկյանի փշրված գերդաստանը: Լիա մայրիկը` բանաստեղծուհու մայրը, նշված տարիներին կազմ ու պատրաստ պահել է բողչան` հնարավոր աքսորի համար: 37–38-ին համալսարանի ուսանող Սիլվան ցերեկներն անցկացրել է համալսարանական հարաբերականորեն անհոգ միջավայրում, երեկոները մոր հետ տանը սպասել իրենց հավանական աքսորին...

Թե՛ Կապուտիկյանի, թե՛ սերնդակիցների բուռն գործունեությունը ծավալվում է Ստալինի մահվանից հետո` խրուշչովյան ձնհալի տարիներից: Երկար ժամանակ «չխոսկանության» դատապարտված գրողների բերանը մեկեն բացվում է, անմիջական մասնակցություն են ունենում ժամանակի Հայաստանի բոլոր կենսական խնդիրների արծարծմանը: Կապուտիկյանը Երևանի քաղկոմի թե շրջկոմներից մեկի կուսակցական ժողովում առաջինն է քննադատում Գրիգոր Հարությունյանին նրա ղեկավարած շրջանում մեր արվեստագետների և գիտնականների ջարդի համար: Երբ ժողովի ավարտից հետո կուսաշխատողներից մեկը հիշեցնում է, թե չէ՞ որ նույն Հարությունյանն է նրան բնակարանով ապահովել Տերյան փողոցում, Կապուտիկյանը նետում է` եթե իր ելույթը օրինախախտում է, ապա կարող է ընտանիքով վերադառնալ Կոնդի իր կավաշեն հյուղակը...

Ոչ միայն հայկականության, այլև մարդկայնության նշույլ չունեցող վերջին ճիվաղը կարող է ասել, թե Շիրազը հաճույք է ստացել` մեր մայրերի, մեր քույրերի, մեր աղջիկների բռնաբարությունների պատմությունը նկարագրելով` փաստորեն արմատավորելով նոր սերնդի մեջ վտանգավոր մտայնություն, մոլորեցնելով անտեղյակներին, ինչպես որ մոլորված գիր է թողել իր խոհերում մեր սիրելի Արփի Ոսկանյանը խորհրդային շրջանի գրողների մասին: Նույնիսկ խրուշչովյան ձնհալի տարիներին արգելված էր «եղեռն» բառի լայն գործածությունը: Չէ՛ թե դատապարտելի, այլ սխրանք էր Շիրազի, Սևակի, Դավթյանի, Կապուտիկյանի գործունեությունը հայության հանդեպ հրեշավոր իրականությունը բարձրաձայնել կարողանալու առումով: Թեև լցված էր Հայաստանը գաղթականությամբ ու նրա սերունդներով, բայց հայաստանաբնակների զգալի մասն անտեղյակ էր, և գաղթականների կցկտուր պատմություններից փշրանքներ էին հասնում նրանց, որովհետև գաղթականներն էլ էին զգուշացված բերանները փակ պահելու սպառնալիքով: Մեր դեմ փակված արգելապատնեշն էին ջարդում այս բանաստեղծները: Նախիջևանի և Ղարաբաղի հարցն էին բարձրաձայնում: Սերո խանզադյանն ու Սիլվա Կապուտիկյանը նամակների շարք էին ուղարկում թե՛ հայաստանյան, թե՛ խորհրդային ղեկավարներին: Հե՛նց այս գրողների շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ 65-ի համազգային պոռթկումը: Ստիպված եմ որոշ մանրամասներ ներկայացնել, որպեսզի ժամանակի անցքերին անտեղյակ մեր նոր սերունդն իրական պատկերացում կազմի եղելությունից:

Խրուշչովյան ձնհալի և դրան հաջորդող տարիներին Հայաստանը դեռ լի էր ոչ միայն միութենական, այլև միջազգային համբավ վայելող մտավորականներով: Բացի նշածս գրողներից` ժողովրդի ջերմ սերն էին վայելում Կոստան Զարյանը, Արամ Խաչատրյանը, Մարտիրոս Սարյանը, Երվանդ Քոչարը, Վիկտոր Համբարձումյանը, Մինաս Ավետիսյանը, Գրիգոր Խանջյանը, կոմպոզիտորների փաղանգը, Սերգեյ Մերգելյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահրամ Փափազյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Գոհար Գասպարյանը և, ինչպես Կապուտիկյանն է ներկայացնում, ճիշտ ժամանակին ասես երկնքից իջած Լուսին Զաքարյանը: Երկիրը տոգորված էր հայրենասիրական մթնոլորտով, և  նշված (ու դեռ չնշված) գործիչներից յուրաքանչյուրը ինքնին հայրենիքի խորհրդանիշ էր: Եթե ներկա սերունդն իմանա, թե ընթերցասիրության ի՜նչ մակարդակ էր տիրում այդ տարիների Հայաստանում, թե ինչպես էին գրախանութների առաջ ողջ գիշերն ի լույս հերթ պահում մարդիկ` նախկին և ներկա այս կամ այն հայտնի գրողի գիրքը գնելու, ի՜նչ հանդիպումներ էին տեղի ունենում այդ մեծահամբավ անձանց հետ լեփ-լեցուն դահլիճներում, և հոգիների ի՜նչ տուրևառություն էր կատարվում երկուստեք, գուցե պատկերացնի նաև, թե ինչպես եղավ, որ Խորհրդային Միության մեջ նմանը չունեցող համազգային պոռթկում տեղի ունեցավ` ի պահանջ և ի խնդիր հայոց հողերի վերադարձի: Նման բան ասելու համար ինչքա՜ն պիտի սեփական արմատներից կտրված լինի հայաստանաբնակ մեկը` ապրած լինելով այդ տարիներին և չիմանալով ու  չհասկանալով կամ էլ չգիտնալու տալով, որ հայ գրողների եղերերգերը հայության մեջ տարաբախտ նախնյաց հիշատակը վառ պահելու, նրա մեջ պահանջատիրության կայծը բորբոքելու ազնիվ նպատակ են հետապնդել, որ գիտակցված են տաղերգել ու բարձրաձայնել այնքան, որ ինքն իրենից չօտարանա հայությունը, որ տե՛ր լինի իր իրավունքին, տե՛ր համարի իրեն իրենից կողոպտած հայրենիքի: Եվ այդպիսի մեկը, այդ նվիրյալների կողքին չերևալու պուճուրությունից գազազած, հանդգնություն ունի այսօր բանաստեղծի համբավ մուրալու այն ժողովրդից, որին արգահատում է ըստ էության` մրոտելով նրա անձուրաց բանաստեղծների անունները, դիվական բավականությամբ ծաղրելով արժեք ստեղծելո՛վ արժեքի փոխարկված մեր նվիրյալներին...  

60-ականների սկզբին Թեքեյան մշակութային միության հրավերով Կապուտիկյանը մեկնում է Լիբանան, Սիրիա, Եգիպտոս` մասնակցելու Մաշտոցի հոբելյանին նվիրված փառատոնին: Շաբաթներ շարունակ գրեթե ամեն օր մի քանի հանդիպումներ է ունենում տարբեր կազմակերպություններում, հայկական վարժարաններում: Այդ ընթացքում, քանի որ ֆիզիկապես անհնար էր յուրաքանչյուր հանդիպման համար գրավոր խոսք պատրաստել, նրա մեջ ձևավորվում է հանպատրաստից բանավոր խոսքի բարձրակարգ մշակույթ, որով ուղղակի անմրցելի էր իր ժամանակի մտավորականների շրջանում, և որը շատերս ենք վայելել հետագայում (դեռ կանդրադառնամ սրան): Մի դրվագ եմ այստեղ ուզում ներկայացնել նրա բազմաթիվ հանդիպումներից, որը բանաստեղծուհին չի գրել ո՛չ «Քարավաններում», ո՛չ իր հուշերում: Հանդիպումների ծրագիրը հագեցած էր, և հաճախ նրան դրանց մասին տեղկացնում էին նույնիսկ մի քանի օր առաջ: Նախատեսված էր հանդիպում նաև Կիլիկիո Զարեհ Ա կաթողիկոսի հետ նրա վեհարանում: Հանդիպման նախորդ երեկոյան հյուրանոց` Կապուտիկյանի սենյակ է այցելում Լիբանանի ԽՍՀՄ դեսպանության ներկայացուցիչը` տեղեկացնելով, որ չի կարելի գնալ այդ հանդիպմանը... Մեսրոպ Աշճյանը, այն ժամանակ` վարդապետի հոգևոր տիտղոսով, «ավետիսը» հայտնում է կաթողիկոսին: Զարեհ Առաջինը ելքը գտնում է կարծես: Աշճյանին ասում է, որ այն պահին, երբ Կապուտիկյանը ծաղիկներ դնելիս կլինի Եղեռնի զոհերի հուշարձանին, այնպես կանգնած կլինեն, որ գլուխը բարձրացնելիս Կապուտիկյանն իրենց տեսնի և մոտենա: Գրեթե իրականանում է կաթողիկոսի հնարամտությունը: Ծաղիկներ դնելուց հետո գլուխը բարձրացնելով և կաթողիկոսին ու վարդապետին տեսնելով` ժպտում է և պատրաստվում քայլ անել առաջ, երբ հազի ձայն լսելով` նկատում է դեսպանության ներկայացուցչին: Քարանում է տեղում` աղերսական հայացքը կաթողիկոսին, գլուխը խոնարհում և զայրույթի ու վիրավորանքի ցավից կարմրատակած` գլխահակ հեռանում հուշարձանից: Տարիներ հետո, երբ հյուր է լինում իր տանը արդեն արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանը, վերջինս փորձում է պարզել` հիշո՞ւմ է արդյոք բանաստեղծուհին: Կտրում է խոսքը. «Ինչո՞ւ եք ցավս պեղում: Դա հոգումս տարիներ մրմռացող կսկիծներից է»: Եթե սա է КГБ-ի հանձնարարություն կատարելը, սիրելի՛ Արփի, համարիր, որ ճիշտ է գրածդ: Իհարկե, կարող էր չենթարկվել պահանջին, բայց փոխարենը նույն օրն ևեթ սովետական «հաղթական հայրենիքի» ինքնաթիռում կհայտնվեր, կզրկվեր սփյուռքը ճանաչելու և մեզ ճանաչել տալու հնարավորությունից, չէինք ունենա «Քարավանները դեռ քայլում են» ստվար խոհագրությունը, որով առաջին անգամ ոչ թե լուր, այլ իմացության հզոր պաշար էինք ստանալու արտերկրի` մենչև այդ մեզ բացարձակապես անհայտ հայության գոյությունից և նրա` ինքնապահպանության համար մղվող ամենօրյա ինքնանվեր ոգորումից: Պատմական կարևորություն ունեցավ Կապուտիկյանի այցը հայկական գաղութներ, որովհետև Հայաստան վերադառնալով` սկսվում է ընթերցողների հետ հանդիպումների անվերջանալի շղթան: Հրավիրում են նրան գիտությունների ակադեմիա, հրավիրում են պոլիտեխնիկական ինստիտուտ, որն այդ տարիներին ազգային ոգու բարձրակետն էր համարվում (այդ տարիներին այնտեղ ուսանող էր Արթուր Մեսչյանը` իր «Առաքյալներով»), հրավիրում են Երևանի պետհամալսարան, որտեղ մեծ դահլիճը մի կերպ է տեղավորում ոչ միայն համալսարանականներին, այլև պոլիտեխնիկական ինստիտում նրան արդեն լսած ուսանողների մի ստվար բազմության, բազում այլ հրավերներ են լինում` կազմակերպված այս կամ այն գործարանին կից գործող մշակույթի տարբեր պալատներում, և վերջապես, ո՜վ երկինք, հրավեր է ստանում Հայաստանի պետանվտանգության կոմիտեից... Թե՛ հուշերում, թե՛ բանավոր զրույցների ժամանակ հետաքրքիր է մեկնաբանում այդտեղ լինելուց առաջ և լինելու ընթացքում իր հոգեվիճակը: Դե, հայտնի կազմակերպություն է գնում: Ինքնապաշտպանական առաջին զգացողությունն այն է լինում, որ պիտի շատ զուսպ լինի: Բայց ելույթի ընթացքում հանկարծ գլխի է ընկնում, որ կարելի է խաղալ դրանց հետ, և տեղնուտեղը մտքում արթնանում է մի փրկարար նախադասություն. «Գիտակցում եմ, իհարկե, թե որտեղ եմ հիմա ելույթ ունենում, դրա համար էլ այստեղ թույլ եմ տալիս ինձ` ասելու բաներ, որոնք դրսում` լայն հանրության շջանում, ասել չէի կարող, ճարահատ զսպում էի ինձ, որպեսզի անցանկալի մեկնաբանությունների տեղիք չտար ասելիքս»: Եվ սկսում է առաջարկությունների իր տարափը` գեղեցիկ հորինվածքներով, որոնք ոչ միայն տպավորում են ներկաներին, այլև կենսագործվում են: Եվ ողջ ելույթի ընթացքում ինքն իրեն հաղթած լինելու զգացողությամբ մտքում կռվում է աչքի առաջ բազմած բարձրաստիճան ուսադրավորների հետ. «Դոսիե՞ էիք հավաքում իմ մասին, դե ստացե՛ք ձեր դոսիեն, ի՛նքս եմ այն ձեզ տալիս մեծ չափաբաժնով»: Իսկ առաջարկությունները մոտավորապես սրանք էին. Սովետական Միությունը պետք է փոխի իր վերաբերմունքը սփյուռքի ավանդական կուսակցությունների նկատմամբ, այդ թվում` դաշնակցության և հա՛տկապես դաշնակցության հանդեպ, որովհետև, բացի այն, որ ամենամեծ ու հզոր կուսակցությունն է, անկախ սովետական պետության հետ ունեցած գաղափարական տարաձայնություններից` այդ կուսակցությունը մեծ չափով հայացքը հառել է Սովետական Հայաստանին, ուստի դաշնակցականներին ևս հնարավորություն պիտի տրվի լինելու Հայաստանում, աչքով տեսնելու մեր երկրի ձեռքբերումները սովետական մեծ ընտանիքի կազմում, բացել է պետք դռները Հայաստանից սփյուռք մեկնել ցանկացող արվեստագետների առաջ, որովհետև դրսում ներկայացնելով Սովետական Հայաստանի արվեստը` հենց Սովետական Միության արվեստն ենք ներկայացնում, իսկ դաշանակցությունը, տեսնելով այդ ամենը, կամաց-կամաց Հայաստանից հայացքը կհառի ամբողջ Միության վրա, լինելով մեծ կուսակցություն` տարբեր երկրներում կսկսի տարածել նրա գաղափարախոսությունը: Բայց դա իրականացնելու համար խորհրդային պետությունը պետք է հասկանա համայն հայության ցավը: Ամբողջ սփյուռքը պատրաստվում է մեծ շուքով նշելու Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը և շունչը պահած` սպասում է Հայաստանին: Ճակատագրական սխալ կլինի, եթե ոչ միայն Սովետական Հայաստանը, այլև սովետական երկրի ղեկավարությունը չարձագանքի այդ ողբերգությանը... Այսօրվա սերունդը երևի դժվարությամբ ընկալի այս սովետահոտ առաջարկությունների` այն տարիների համար բախտորոշ առաջարկությունները, բայց փաստն այն է, որ իսկապես մեծ չափով փոխվեց Սովետմիության վերաբերմունքն այնքանով, որ անհամեմատ հեշտացավ մեր գործիչների ելումուտն արտասահման, և հենց մեր տաղանդների շնորհիվ դրսում սովետի անուն շոշափելը դուրալի էր այդ երկրին: Այնպես որ, սիրելի՛ Արփի, այնքան հնարամտություն ունեին մեր գրողները, որ ոչ միայն ՊԱԿ-ի կամակատարը չէին, այլև իրենք էին երբեմն իրենց կամքը թելադրում նրան: Կարողանում էին դա անել, որովհետև այդ կամքն իրենց անձինը չէր, այլ հավաքական էր, համահայկական: Բայց ամենից կարևորը Մեծ եղեռնի տարելիցի նշանավորումն էր, որ գլուխ եկավ հատկապես այդ սերնդի մեր գրողների անասելի ջանքերի շնորհիվ: Կապուտիկյանի` ՊԱԿ-ում ունեցած ելույթը բախտորոշ էր հենց բանաստեղծուհու համար, որով կանխորոշվեց «Քարավանները» շարադրելու կերպը` նույն հնարամտությամբ: Այդ գրքում է, որ առաջին անգամ մեծ չափով խոսվում է դաշնակցության ազգապահպան գործունեության մասին, իսկ առկա քննադատությունները շինծու են, գրաքննության պահանջով արված, և գրագետ ընթերցողը հեշտությամբ էր տարբերում իրական և ճարահատ գրերն իրարից: ՊԱԿ-ում հանդիպման ավարտին գեներալներից մեկը ծաղկեփունջ է նվիրում բանաստեղծուհուն, որը խայթում է բաց կատակով. «Փաստորեն հնարավոր է այս շենքից ոչ միայն անվնաս, այլև ծաղիկներով դուրս գալը»...  

Տարբեր հանդիպումների արանքում բանաստեղծուհին ժամանակ է գտնում` հանդիպելու նաև Զորաբյանին: Կենտկոմի առաջին քարտուղարն սկզբում դժկամությամբ է ընդունում Կապուտիկյանի` Եղեռնի 50-րդ տարելիցը նշելու պահանջը` պատճառաբանելով, թե Մոսկվայից թույլ չեն տա: Երկար է տևում զրույցը, գրեթե թևաթափ է դուրս գալիս կենտկոմից: Կազմակերպում է գրողների խմբով հանդիպում նույն Զորաբյանի հետ: Նույն ժամանակներում ինքն ու Սերո Խանզադյանը նամակների տարափ են սկսում տեղալ դեպի Մոսկվա` Բրեժնևին, Սուսլովին, Անդրոպովին և այլոց: Մի որոշ շրջան առանձնանում է բանաստեղծուհին` շարադրելու իր «Քարավանները», որն իր դերն էր ունենալու և իսկապես ունեցավ 50-րդը նշելու գործում: Այդ ողջ ժամանակաշրջանում` մինչև 65-ի Ապրիլի 24-ը, դահլիճից դահլիճ էին անցնում գրողները: Շիրազի միայն ներկայանալն արդեն տոնախմբություն էր: Անմրցելի էր նա իրեն տեղացող ծափերի տարափով: Նրա մասսերգությունը, որքան էլ առատ, չէր ձանձրացնում ունկնդրին ու ընթերցողին այն պարզ պատճառով, որ գերյալ էր մեր սրբազան լեռը, և անարդար կորստյան ցավն էր մորմոքում բանաստեղծին ու նրանով փոխանցվում ընթերցողին: Եթե Կապուտիկյանն ու Սևակը, բանաստեղծություններից բացի, ավելի շատ, եթե կարելի է այսպես ասել, տեսական դրույթներով էին լուսավորում ակնդիրներին, ապա Շիրազը երկար չէր խոսում: Այդ ամենը կար նրա ստեղծագործություններում: Նա երկար արտասանում էր: Հանդիպումներ էին լինում Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Էմինի և այլոց հետ: Բոլորն էլ իրենց դերակատարումն ունեին գալիք պատմական իրադարձության գործում: Գոհար Գասպարյանն էր Կոմիտասական շարք պատրաստել, և բացի դահլիճներում դայլայլելուց` մեծ խմբաքանակով ձայնապնակներ լույս աշխարհ բերեց: Լուսինեն էր երկինք կոհակում մեր կոմիտասյան ու եկմալյանական աղոթքները: Ամեն, ամե՛ն ինչ հայրենիքով էր լցված, մի ուրիշ Հայաստան էր արթնացել հայության աչքերում ու հոգում: 65-ի ապրիլի շեմին գրեթե միաժամանակ լույս տեսան Կապուտիկյանի «Քարավաններն» ու Սևակի «Անլռելի զանգակատան» բարեփոխված տարբերակը: Այդ շրջանում ժողովուրդն ուղղակի կլլում էր ընթերցելիքը: Եվ ահա լցված 60-ականների սկզբից ձևավորված շարժմամբ, հոգելից բազում հանդիպումներով, մինչև 24-ը այդ երկու գրքերն էլ վայելելով ու վերալիցքավորված` համայն հայությունը կազմուպատրաստ էր` նշանավորելու իր պատմության ամենամեծ ողբերգության տարելիցը:

Ապրիլի 24-ի առավոտյան ամբողջ քաղաքը կենտրոնում էր հավաքված: Ուսանողները, Կապուտիկյանին ու Սևակին իրենց առաջնորդ կարգած, քայլում էին նրանց ետևից: Ողջ քաղաքը թնդում էր «հո՛-ղե՛-րը՛, հո՛-ղե՛-րը՛» վանկարկումից: Չկար շարժման ղեկավար: Տարերայնորեն Ազատության հրապարակից պանթեոն, պանթեոնից հրապարակ էին քայլում բազմությունները: Պանթեոնում եղած ժամանակ ելույթ են ունենում Կապուտիկյանն ու Սևակը: Չուղղորդված երթը ի վերջո կանգ է առնում  Ազատության հրապարակում, ցուցարարները փորձում են մուտք գործել օպերայի շենք, որտեղ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությունն էր: Ոստիկանները թույլ չեն տալիս: Բազմությունը ճեղքում է պատնեշն ու խուժում դահլիճ` նույն վանկարկմամբ: Պետությունը դիմում է չափավոր ուժի գործադրության: Լինում են ձրբակալություններ:  

Մոսկվայից հրահանգում են իրականացնել զանգվածային ձերբակալություններ, որոնց համար հարկ էր հող նախապատրաստել: Ստեղծագործական միություններին հանձնարարվում է կուսակցական ժողովներով դատապարտել հակախորհրդային ցույցը և նրա մասնակիցներին: Կարճ ժամանակամիջոցում նկարիչների, ճարտարապետների, կոմպոզիտորների միությունների կուսժողովները կատարում են հանձնարարությունը: Մնացել էր գրողների միությունը: Ժողովը սկսվելուց առաջ Կապուտիկյանը մոտենում է նախագահողին, խնդրում առաջինն իրեն ձայն տալ: Կարդում է ողջ գիշեր պատրաստած իր տեքստը, որի վրա երկար էր աշխատել մտահոգությամբ, որ հանկարծ անզգույշ արտահայտություն թույլ չտա` վնասելով ցուցարարներին: Կարողանում է տրամաբանական կուռ փաստարկներով ներկայացնել ժողովրդի հոգեբանական դժվար կացությունը` երկար ժամանակ մեր ազգի ողբերգությանն անհաղորդ լինելու, հայության նկատմամբ դավադիր ոճրի և դրա վերաբերյալ անթույլատրելի լռության, ձգվող լուռ տարիներից կուտակված վիրավորանքի հանգամանքներով պայմանավորված, անկազմակերպվածության համար քննադատելով ղեկավարությանը, հորդորելով գործընկերներին ճիշտ որոշում կայացնել, իսկ ղեկավարներին զգուշացնում է, որ անգամ անթույլատրելի արարք կատարածների նկատմամբ պատիժ չսահմանվի` նկատի ունենալով արտասովոր իրավիճակը: Բուռն ողջույնների է արժանանում բանաստեղծուհու ելույթը, իսկ ներկա գտնվող ստեղծագործական մյուս միությունների ներկայացուցիչները հասկանում են իրենց գործած ճակատագրական սխալը: Կապուտիկյանից սկսած` մյուս բոլոր գրողների ելույթները ճիշտ նույն ոգով են ընթանում, և ի պատիվ գրողների` կուսժողովը միաձայն քվեարկում է հօգուտ անպատժելիության: Սրան հետևում են մյուս ստեղծագործական միությունների ժողովները, որոնք բեկանում են իրենց նախորդ որոշումները և ընդունում նոր որոշումներ` ներդաշնակ գրողների կայացրած որոշման...

(ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ) 

ԴԱՎԻԹ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *