Հասարակություն

2020-ի պաշտոնյաների սև ցուցակը, ովքեր խախտել են տեղեկություն ստանալու իրավունքը.ԻԱԿ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2020 թվականի այն պաշտոնյաների Սև ցուցակը, ովքեր խախտել են տեղեկություն ստանալու իրավունքը։ Ամենամյա ցուցակում ընդգրկվում են այն գերատեսչությունների ղեկավարները, ովքեր այդ տարվա ընթացքում տրամադրել են անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան են թողել լրագրողների, քաղաքացիների և ԻԱԿ-ի տեղեկություն ստանալու հարցումները։

«Այս գերատեսչությունների ղեկավարները 2020 թվականի ընթացքում տրամադրել են անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան են թողել լրագրողների, քաղաքացիների և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկություն ստանալու հարցումները։ Որպես դրական ցուցանիշ նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 2019 թվականի Սև ցուցակում հայտնված 5 պաշտոնյայից միայն մեկն է շարունակում պաշտոնավարել: Կոչ ենք անում նոր ղեկավարներին ավելի թափանցիկ ու հաշվետու գործել։ Նշենք, որ Սև ցուցակը կազմվում է հետևյալ չափանիշների համաձայն։ 

 Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյան

 Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ․ հունվարի 9-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով տրամադրել տեղեկություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականներից մեկի վերաբերյալ։ ՀՀ Վարչապետը Կառավարության՝ 2019թ. նոյեմբերի 14-ին կայացած նիստի ժամանակ նշել էր․ «Առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է դա պարզվի, ի վերջո ազգային անվտանգության խնդիր է»։ ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ խնդրել էր տեղեկացնել, թե արդյոք «որոշ շրջանակներ»-ը հանձնարարականի մեջ հստակ նշված են, թե ոչ և եթե այո, ապա որոնք են այդ շրջանակները։ ԻԱԿ-ը հարցմամբ խնդրել էր նաև մանրամասնել, թե ինչ փուլում է Վարչապետի հանձնարարականի կատարումը։ 2020թ. հունվարի 15-ին ԱԱԾ-ն տրամադրել է անօրինական մերժում՝ նշելով, որ Վարչապետի հանձնարարականի համաձայն, ՀՀ ԱԱԾ-ն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնում է համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ ԱԱԾ-ն հրաժարվել էր տրամադրել տեղեկություններ մյուս հարցերի վերաբերյալ ևս՝ որպես հիմք նշելով ՏԱ մասին ՀՀ օրենքի 8-րդ 1-ին և 2-րդ կետերը։ ԻԱԿ-ը մերժումը համարել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/2991/

ՀՀ նախկին ոստիկանապետ Վահե Գասպարյան

2020թ. հունիսի 10-ին «168 ժամ» պարբերականի (www.168.am) լրագրող Աքսաննա Հայրապետյանը տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե արդյոք ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնանկությունից առաջ ինքն իրեն պարգևատրել է զենքով, և եթե այո, ապա ինչ զենքով։ Ոստիկանությունը 2020 թ․ հունիսի 15-ին պատասխան գրությամբ հրաժարվել է տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե տեղեկությունը անձնական տվյալներ է պարունակում։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/3041/

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ.-ի դեկտեմբերի 23-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տրամադրել քանակական տվյալներ արցախյան պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած զինվորների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել՝ նշելով, որ տվյալները տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ ԻԱԿ-ը պատասխանը որակել է անհիմն, քանի որ նույն ժամանակահատվածում «Փաստինֆո»-ի (www.pastinfo.am) նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան Նախարարությունh այս տեղեկությունները մերժել է տրամադրել  պետական ու ծառայողական գաղտնիք լինելու հիմնավորմամբ․ եթե պահանջվող տեղեկությունը մերժման ենթակա է, ապա լրացուցիչ աշխատանք կատարելու պայմանը կիրառելն անօրինական է:  http://www.givemeinfo.am/hy/case/3174/

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան

«Առավոտ» պարբերականի (www.aravot.am) լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը 2020թ. հուլիսի 2-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Ազգային ժողով՝ խնդրելով տրամադրել ԱԺ պատգամավորների՝ 2019թ․-ի փետրվարից 2020թ․-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում ստացած պարգևավճարների մասին տեղեկություն։ Մասնավորապես, խնդրել է տրամադրել տեղեկություն, թե նշված ժամանակահատվածում որքան գումարի պարգևավճար է ստացել պատգամավորներից յուրաքանչյուրը: ԱԺ աշխատակազմը մերժել է տրամադրել պահանջվող տեղեկությունները՝ նշելով՝ «Պատգամավորների վարձատրության մասին տեղեկությունը համարվում է մասնագիտական գործունեության բաղադրատարր և դրան վերաբերող տեղեկությունները ևս գտնվում են մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի սկզբունքի պաշտպանության ներքո»։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն։ http://www.givemeinfo.am/hy/case/3049/ 

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել INFOCOM (www.infocom.am) լրատվական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը՝ խնդրելով աջակցել տեղեկություն ստանալու հարցում։ 2020թ. հունվարի 15-ին լրագրողը ուղարկել էր տեղեկություն ստանալու հարցում, որը սակայն մնացել էր անպատասխան։ ԻԱԿ-ը ևս իր անունից նույնաբովանդակ հարցում ուղարկեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ և այդ ընկերության կողմից գործարկվող «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հարցմամբ ԻԱԿ-ը խնդրել էր նշել՝ քանի տոննա պոչանք կա Արարատի ցիանային պոչամբարում և ինչ նյութեր է պարունակում այդ պոչանքը, ինչպիսի պաշտպանիչ շերտ ունի պոչամբարը և ստորգետնյա հոսքերով արդյոք պոչանքը չի հոսում նաև տարածում առկա ձկնաբուծական լճերը: ԻԱԿ-ը խնդրել էր նաև տրամադրել տեղեկություններ այն մասին, թե ստուգել են երբևէ պոչամբարի հարակից հողերի, լճերի և այդ լճերում առկա ձկնեղենի մեջ ծանր մետաղների պարունակությունը, եթե այո, ապա տրամադրել ստուգումների արդյունքները: ԻԱԿ-ի էլեկտրոնային և գրավոր հարցումները ևս, որոնք կրկնվել են նաև հունիսին, մնացել են անպատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/3040, http://www.givemeinfo.am/hy/case/3039/

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ. ապրիլի 13-ին տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA)՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիային առնչվող զեկույցը և/կամ զեկույցի ամբողջական տեքստի հղումը։ ՔԱԿ-ը հրաժարվել էր տրամադրել պահանջվող տեղեկությունը՝ նշելով, թե զեկույցը հրապարակման ենթակա չէ, սակայն չէր տրամադրել մերժման իրավական հիմքերը (http://www.givemeinfo.am/hy/case/2971/)։ Ուստի ԻԱԿ-ը 2020թ. ապրիլի 15-ին նույն պահանջով Քաղաքացիական ավիացիայի կոմիտե էր ուղարկել կրկնակի հարցում։ ՔԱԿ-ը նորից էր մերժել՝ նշելով, որ զեկույցը ծառայողական օգտագործման համար է և պարունակում է ծառայողական գաղտնիք և հրապարակման ենթակա չէ։ ՔԱԿ-ի երկրորդ մերժումը ևս ԻԱԿ-ը որակել է անհիմն, քանի որ զեկույցում ծառայողական գաղտնիքի առկայությունը դեռ չի նշանակում, որ այն չի կարելի գոնե մասնակի հրապարակել: http://www.givemeinfo.am/hy/case/2972/ 

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Երվանդ Սերոբյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն էր դիմել Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը, նշելով, որ 3.09.2019թ.-ին տեղեկություն ստանալու հարցում է ուղարկել ՇՊՀ ռեկտորին՝ խնդրելով տրամադրել համալսարանին առնչվող քաղաքական գործերից մեկով փաստաբանի ծառայությունների համար վճարված գումարի վերաբերյալ տեղեկություն։ Համալսարանը պատասխան գրությամբ մերժել է տրամադրել պահանջված տեղեկությունը՝ այն համարելով հրապարակման ոչ ենթակա անձնական տվյալ։ 2020թ. մայիսի 27-ին ԻԱԿ-ը նույնաբովանդակ հարցում էր ուղարկել ՇՊՀ։ Պատասխան գրությամբ 04.06.2020 թ.-ին համալսարանը անհիմն մերժել է տրամադրել տեղեկությունը՝ որպես հիմք նշելով անձնական տվյալների պաշտպանությունը։ ԻԱԿ-ը մերժումը որակել է անհիմն: http://www.givemeinfo.am/hy/case/3036/s

Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյան

2020թ.-ի փետրվարի 27-ին «Հետք» առցանց պարբերականի (www.hetq.am) լրագրող Տիրայր Մուրադյանը տեղեկություն ստանալու հարցում էր ուղարկել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանին՝ խնդրելով տրամադրել 2015թ․ հունվարի 1-ից մինչև 2020թ․ փերվարի 27–ն ընկած ժամանակահատվածում Զոլաքար համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու կողմից ընդունված բոլոր որոշումների պատճենները։ Սահմանված ժամկետներում պատասխան չստանալով՝ ապրիլի 14-ին լրագրողն ուղարկել էր կրկնակի հարցում։ Երկու դեպքում էլ հարցումները մնացել են անպատասխան: http://www.givemeinfo.am/hy/case/3186/

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Գնել Հասրաթյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2020թ.-ի մայիսի 23-ին դիմել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` խնդրելով տրամադրել տեղեկություն այն մասին, թե որքան գումար է ծախսվել 2020 թվականի ընթացքում կառույցի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով և քանի աշխատակից է պարգևատրվել 2019 թ․ ընթացքում։ Պատասխան գրության մեջ տեսչական մարմինը տրամադրել էր միայն  ակտիվ հղում, որը սակայն տանում է դեպի տեսչական մարմնի պաշտոնական կայքի դատարկ էջ և պահանջվող տեղեկությունը ստանալ հնարավոր չէ: http://www.givemeinfo.am/hy/case/3035/

  Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նաև ահազանգ է ստացել «Հրապարակ» թերթից։ Մեր գործընկերները նշում են, որ Երևանի քաղաքապետարանն իրենց պարբերականի լրագրողների նկատմամբ տեղեկություն տրամադրելու գործընթացում խտրական վերաբերմունք է դրսևորում և անհիմն մերժում տեղեկություն տրամադրել։  Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչը վստահեցնում է՝ Քաղաքապետարանի լրատվական ծառայության ներկայացուցիչները խուսափում են լրագրողների հարցերին պատասխանել բանավոր և նախընտրում են գրավոր հաղորդակցումը՝ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով։ 

ԻԱԿ-ը 2021 թվականի ընթացքում ամենայն ուշադրությամբ կհետևի Քաղաքապետի աշխատանքին և տեղեկատվության ազատության գործընթացում խտրականության որևէ դրսևորման դեպքում Քաղաքապետը կներառվի Սև ցուցակում»։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *