Մունետիկ

Պետության կողմից երիտասարդների հետ աշխատանքին ուղղված ռեսուրսները բավական քիչ են

17 տարեկան էր Վահե Խաչիկյանը, երբ Կուրթան համայնքից տեղափոխվեց Վանաձոր`  շարունակելու կրթությունը: Ուսանողական տարիներին ցուցաբերեց հասարակական ակտիվություն, ներգրավվեց տարբեր կառույցներում դասընթացների և անցավ աշխատանքի ՀԿ Կենտրոնում: Իրականացնում է ծրագրեր տարբեր համայնքերում` երիտասարդների կարիքների բացահայտման և բավարարման ուղղությամբ:

Շարունակում է. երիտասարդների հետ աշխատանքը թե մեծ թե փոքր համայնքերում մեծամասամբ ընկած է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վրա, իսկ պետության և ՏԻՄ կողմից երիտասարդների հետ աշխատանքին ուղղված ռեսուրսները բավական քիչ են:

Ստեփանավան խոշորացված համայնքը երիտասարդակենտրոն միջավայր ձևավորելու համար նախատեսում է համայնքին կից ձևավորել երիտասարդական խորհուրդ, որն իր գործունեությունը կծավալի առաջիկայում կառուցվող գրադարանում:

Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրվածի, ապա մինչև տարեվերջ կունենան բարեկարգ և կահավորված երիտասարդական կենտրոն:           Քույրեր Արփի և Անի Սողոմոնյանները փորձում են ինքնուրույն  գույներ հաղորդել  երիտասարդական կյանքին, մասնակցում են ՏԻՄ-ի կառավարման վերաբերյալ դասընթացների:

Արփին սովորում է ԱԻՆ Ստեփանավանի «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» , Անին դպրոցահասակ է: Քույրերն իրենց ապագան Ստեփանավանում չեն պատկերացնում, պատճառները բազմաթիվ են, հիմնավորումներն ըստ իրենց արդարացի.

 Համայնքում գործում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Այլ բուհեր չկան:  Բարձրագույն կրթություն ստանալը ոչ բոլորին է հասանելի: Ստեփանավանի Վահան Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Սուսաննա Հովսեփյանն ու Գայանե Դանիելյանը նշում են, որ երիտասարդների մի ստվար զանգված դպրոցն ավարտելուց հետո լքում են համայնքը Երևանում, Վանաձորում կամ Գյումրում` կրթությունը շարունակելու:

Եթե կրթության անհասանելիությանը գումարենք զբաղվածության հարցը, ապա երիտասարդներին այլ բան չի մնում, քան կյանքը համայնքից դուրս պատկերացնելը, այս կարծիքին է Լոռի Բերդից  30-ամյա Հրահատ Չատինյանը. ներկա պահին աշխատում, ծայրը ծայրին հասցնելն է դժվարանում: Ասում է երիտասարդների համար աշխատատեղեր չկան, հողագործությամբ ոչ բոլորն են զբաղվում, անասնաբուծությունը շահութաբեր կլիներ, եթե խոտի գինը չթանկանար: Միակ տարբերակը արտագնա աշխատանքի մեկնելն է համարում:

Զբաղվածության խնդիրը մի, ժամանցային վայրերի բացակայությունը մյուս կողմից լուրջ խնդիր է նաև Լոռի Բերդ համայնքում: Բնակիչները մատնացույց են անում կիսաքանդ այս շինությունը, որը հավանաբար նախկինում ծառայել է ակումբ գյուղի համար: Վերանորոգելու դեպքում հարմար տարբերակ են համարում,  բայց երկրաշարջից հետո ինչ-որ մեկը գնել է և անհայտ է շինության հետագա ճակատագիրը:

Իսկ սպիտակցի Սյուզաննա Ուռուսյանը հաջողակ: 17 տարեկանից աշխատել է տարբեր ծաղկի սրահներում: Ծաղիկների հետ աշխատանքն այնքան է գրավել Սյուզաննային, որ մտածել է սեփական ծաղկի սրահի հիմնել: Աշխատանքի ընթացքում սովորել ու փորձ է ձեռք բերել,   1 տարի անց  համարձակվել է ստեղծել իրենը: Syuzan flowers -ի ինքնաիպ լուծումներով ծաղկեփնջերը սրահ մտնելուն պես միանգամից աչք էին ծակում:

Մոտիվացնող  է նաև  Սպիտակից  Հայկուհու պատմությունը. դեռ մանկուց սիրել է ձևավորումներով զբաղվել: Չչստացվեց նախընտրած մասնագիտությամբ կրթություն ստանալ, աշխատում է  Սպիտակի սուպերմարկետի  հրուշակեղենի բաժնում` որպես վաճառքի խորհրդատու, բայց չի դադարում երազել դիզայներ-ձևավորող դառնալու մասին: Որոշ ժամանակ անց Հայկուհին որոշում է մեկնել Երևան և զբաղվել իր սիրելի գործով: Այնքան լավ է տիրապետում գործին, որ ցանկանում է Սպիտակում հուշանվերների խանութ-սրահ բացել:

Սպիտակ համայնքում ոչ բոլոր երիտասարդներն են համարձակվում հիմնել սեփական բիզնեսը, մտավախությունն ու հիմնավորումները, որ չի գործելու` խորքային են: Աշխատատեղերի բացակայութունը երիտասարդների մտահոգությունն է: Գարնան սկսվելուն պես տղամարդկանց մի մասը  մեկնում են արտագնա աշխատանքի, մի մասը հիմնական, մի մասն էլ՝ ժամանակավոր:

Ըստ վիճակագրական կոմիտեի 2021-ին Հայաստանից ավելի շատ քաղաքացի է մեկնել, քան ժամանել։  Հայկական անձնագրով մեկնողների ու ժամանողների տարբերությունն անցած տարի գերազանցել է 73 հազարը։ Սա ամենաբացասական ցուցանիշն է՝ անցած տասը տարվա ընթացքում։

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *