Մունետիկ

ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ՋՐԵՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՄԲ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՆԱԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԸ. ՕԼԵԳ ԴՈՒԼԳԱՐՅԱՆ

Ալավերդի խոշորացված համայնքում առաջինը պատահեցինք մի ձկնորսի, որը Դեբեդ գետում ձուկ էր որսում, ասելով, որ տեղյակ չէ գետի աղտոտվածության մասին: Տեղյակ չեն կամ չի էլ հուզում Ախթալայի, Ալավերդու տարածքի բնակիչներին, ովքեր ոռոգում են իրենց այգիները հենց Դեբեդի ջրով:

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը անձամբ է զբաղվում գետերի աղտոտվածության խնդիրներով, մշտապես բարձրաձայնելով և պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով խնդրին:

Չնայած բազմաթիվ տարածաշրջանային եւ միջազգային ծրագրերի իրականացմանը, խնդիրը չի լուծվում և Դեբեդ գետը շարունակում է հարստանալ արտադրական թափոններով, որոնց հիմնական աղբյուրներն են՝  Ախթալայի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան և «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ը՝ Ալավերդու կոմբինատը:

Վտակներն անցնելով պոչամբարների մոտով՝ իրենց հետ բերում են հին պոչանքներ և թափոնակույտեր, որոնք ակտիվանում են հոսող ջրային միջավայրում և միախառնվում Դեբեդ գետին՝ հարստացնելով այն ծանր մետաղներով: Աղտոտվածության ամենամեծ բաժինը թերևս ապահովում է Ախթալայի լեռնահարստացուցիչ գործարանի պոչանքը՝ Ախթալայի վտակի միջոցով, Մադան գյուղից իջնող վտակը, Պայթուցիկների ձորի և Նահատակի պոչամբարները, որոնքն էլ  բերում են թունավորը թափոնակույտերը:

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը հավաստում է, որ ամենամեծ աղտոտումն ապահովում է Նահատակի պոչամբարը և պատմում պոչամբարից դեպի Դեբեդ արտահոսքի մասին: Կազմակերպության բարձրացրած աղմուկից հետո իրավապահ մարմինները վարույթ են սկսել, սակայն մինչ այս պահը որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, նույնիսկ հայտնի չէ, թե ի՞նչ ընթացքում է գործը:

Դեբեդի աղտոտվածության մասին հարևան Վրաստանն էլ հաճախ է ահազանգում, որ հայկական կողմը  քիմիական եւ հանքարդյունաբերական արտադրության թափոններով  աղտոտում է  Քուռ գետի ջրային ավազանը: Խոսքը մասնավորապես Դեբեդ գետի մասին է, որը Վրաստանի սահմանը հատելուց հետո թափվում է Խրամի գետը, որն էլ իր հերթին` Քուռ գետը: Ողջ ընթացքում այդ գետերի ջրերն անտրոպոգեն ազդեցության են ենթարկվում: Դրանք արդյունաբերական թափոններն են, կոյուղաջրեր, կեղտաջրերը, կենցաղային աղբ, հաճախ նաև պոչամբարների արտահոսք: Խնդիրն այն է, թե ով, որտեղ եւ ինչով է աղտոտում Քուռ գետի ջրային ավազանը: Օլեգ Դուլգարյանն ասում է, որ Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ, համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն էլ պատմում է իշխանությունների հետ համագործակցության մասին:

Պետք է որոշել աղտոտող միացությունների ցուցակը, հնարավոր աղտոտման, ինչպես նաև պետական սահմանների հատման վայրերում տեղակայել փորձանմուշներ վերցնելու կետեր` հարցի քաղաքականացումից խուսափելու համար: Հենց նման որոշում է ընկած Իրանի հետ Արաքս անդրսահմանային գետի աղտոտման մոնիտորինգի վերաբերյալ պայմանագրի հիմքում: 

Իսկ ի՞նչ են անում, օրինակ, ՏԻՄ մարմինները այս ուղղությամբ: Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասում է՝ տեղյակ է խնդիրների մասին, և  միայն թափոնները չեն , որ աղտոտում են Դեբեդ գետը, այն նաև լի է կենցաղային աղբով, պլաստիկով և պոլիէթիլենային տոպրակներով, սակայն համայնքը օժտված չէ այնպիսի լիազորություններով, որոնք թույլ կտան արգելել այս կամ ընկերության գործունեությունը, որն ուղղակի կարող է վնասել և համայնքի բնապահպանական վիճակին, և՛ համայնքի բնակչի առողությանը:

Այո, խնդիրները նախևառաջ պետք է օրենսդրական ձևակեպում ստանան, օժտվեն ՏԻՄ մարմինները սանհրաժեշտ լիազորություններով, որպեսզի հասարակական կազմակերպությունների ահազանգերը, բարձրացրած խնդիրները, որոնք վտանգում են մարդկանց կյանքը՝ չլինեն «Ձայն բարբառո հանապատի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սույն նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս տեսանյութուում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *