Միջազգային

«Կամ քեզ կսպանենք կամ էլ կանենք այնպես, որ ինքդ քեզ սպանես»․ Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում

Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում: Այս մասին հոդված է պատրաստել BBC-ի ռուսական ծառայությունը։

Ադրբեջանցի ակտիվիստ Հուսեյն Բաքիխանովը մայիսի 7-ին Բաքվում մասնակցել էր բողոքի ակցիայի: Նրան իրավապահները ձերբակալել էին և 15 օրով բանտարկել, իսկ ազատ արձակելուց հետո, նրա իսկ խոսքով, ոստիկանները ծեծի էին ենթարկել՝ հայտարարելով. «Կամ դու երկրից կհեռանաս կամ քեզ կսպանենք կամ էլ կանենք այնպես, որ ինքդ քեզ սպանես»:

BBC-ն պատմում է, որ այս սպառնալիքներից հետո Բաքիխանովը լքել էր Ադրբեջանն ու քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից: Հուլիսի 12-ին նա ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում՝ նրա իսկ խոսքով՝ ադրբեջանցիների կողմից: Այս մասին նա տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ պատահական չի համարում հարձակումն իր վրա: Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը Բաքիխանովը ինքնասպանություն էր գործել՝ թռնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից:

Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը հավատացած է, որ կատարվածն ինքնասպանություն չի եղել: Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցրել էին միջադեպը, որի մասին պարզ էր դարձել այն բանից հետո, ինչ այլ քաղաքական էմիգրանտներ սկսել էին պարզել, թե որտեղ է Հուսեյն Բաքիխանովը:

Սա 2021 թվականին արտերկրում հաստատված ադրբեջանցի ակտիվիստի հետ կապված արդեն երրորդ նմանօրինակ միջադեպն է: Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից այլախոհների նկատմամբ նման քաղաքականության զոհերից Լեյլա Յունուսը տևական ժամանակ անցկացրել է ադրբեջանական բանտում՝ տնտեսական հանցանքներ գործելու հիմնավորումներով:

«Ադրբեջանի իշխանությունները չեն մեկնաբանել 2021 թվականին արտերկրում երեք ընդդիմադիր ակտիվիստների մահվան և մի քանի այլ գործիչների վրա հարձակումների փաստերը: Նրանց դիրքորոշումը քաղաքական էմիգրանտների նկատմամբ անփոփոխ է. նրանք հայտարարում են, որ նրանցից շատերի դեմ կան հստակ քրեական մեղադրանքներ, որոնք կապ չունեն քաղաքականության հետ »,- եզրափակում է BBC-ն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *