Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն

«Հողի վրա մարդ կարա՞ ապրի, լրիվ ալերգիա ա տվել...»

Քարկոփում աղետից տուժել են բազմաթիվ բնակարաններ, որոնք զրկվել են կահույքից, տեխնիկայից։ Ջուրը վնասել է հատակից մինչև առաստաղ՝ բնակարանները դարձնելով ապրելու համար ոչ պիտանի։ Տուժել են հատկապես գետի երկայնքով կառուցված բազմաբնակարանները։ Քարկոփի 1-ին փողոցի 10-րդ շենքը հեղեղի առաջնագծում է եղել։ Աիդա Ալեքսանյանն առանց հուզմունքի չի կարողանում հիշել կատարվածը․ «Մեկն անց կես տեգորս տղեն ա զանգել, որ խոզաբունը ջուր ա լցվել։ Մենք սովոր ենք, չպատկերացրինք։ Տան դուռը բացեցի, ջուրը ինձ շպրտեց։ Հարսիս հարևանը տարավ վերև, երեխին փեսես տարավ, ինձ էլ տղես։ Ոտքս գետին չէր կպնում, ջուրը ուսերիս էր հասել։ Մի կերպ դուրս եկանք, գնացինք Ճոճկան»։ Անահիտի ընտանիքն օրեր անց վերադարձել է տուն և տեսել, որ տան գույքից ոչինչ չի մնացել։ Պահպանվել են միայն խոհանոցի պատի վերին հատվածում ամրացված դարակները, որոնց ջուրը մասամբ է հասել։ Ասում է՝ վարձը պետությունը 2 ամիս վճարել է, հիմա չի վճարում։ Շենքն էլ գործարանի սեփականությունն է եղել, աղետից հետո է միայն փոխանցվել համայնքին։ Դեռ բնակիչներին չի պատկանում։ Այդ պատճառով փոխհատուցում չեն տրամադրել։ «Հույս ունենք, որ շուտով խնդիրը կլուծվի, սպասում ենք։ Բայց դե սպասելն ավելի վատ ա»,-ասում է տիկին Անահիտը։ Ամուսինը՝ Սոս Ալեքսանյանը պատմում է, որ վնասը գնահատելիս 10 բալանոց սանդղակով գնահատել են 10 բալ։ Ասում է․ «Էս ամեն ինչը չի համապատասխանում մեր սպասումներին։ Խոստացել են՝ մինչև դեկտեմբերի 31-ը ոչ մի պրոբլեմ չենք ունենալու։ Մեզանից կախված բան չկա»։ ՀՀ Կառավարության կողմից հեղեղից տուժած բնակավայրերն «աղետի գոտի» հայտարարելուց հետո ֆիզիկական անձանց համար, որոնց բնակարաններին և գույքին աղետի հետևանքով հասցվել է վնաս, սահմանվել է վնասի փոխհատուցման կարգ։ Լոռու մարզպետարանը բնակիչներից ընդունել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը նշում է, որ կան բնակիչներ, որոնց փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան, այս պահին մարզպետարանի և համայնքապետարանի մասնագետները զբաղված են խնդիրների կարգավորմամբ, որպեսզի փոխհատուցման տրամադրումը օր առաջ հնարավոր դառնա։ Քարկոփի 10-րդ շենքի խնդրից Ավետիսյանը քաջատեղյակ է։ «Խնդրի հետ կապված համայնքապետարանի կողմից դիմում էր ներկայացվել գործընթացն արագ կազմակերպելու համար։ Այս պահի դրությամբ 4 բնակիչների մասով խնդիրը կարգավորված է։ Մնացածի փաստաթղթային խնդիրների կարգավորումն ընթացքի մեջ է։ Շատ կարճ ժամանակում մնացածի խնդիրն էլ կկարգավորվի։ Այս շենքի ճակատագրի հարցն այս պահին կարելի է համարել լուծված»,-վստահեցնում է մարզպետի տեղակալը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *