Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոեվան քիչ առաջ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգային փորձից։ Նա «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնի մասնակիցներից է, որը տեղի կունենա հուլիսի 10-28-ը Երևանում։
Այսօր ավելի վաղ կազմակերպիչները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մանրամասներ էին հայտնել փառատոնից։ Տեղի կունենա 9 սիմֆոնիկ, 5 կամերային համերգ, 3 մենահամերգ և 2 անսամբլային համերգ։
Համալիրում կազմակերպվող այս իրադարձությունը զարմացրել է հանրությանը․ նրանք շատ լավ հիշում են այն մահճակալները, որոնք տեղադրված էին այնտեղ՝ կորոնավիրուսով հիվանդների համար։
ՀՀ իշխանությունը պատրաստվում է կրկին երկարաձգել արտակարգ դրությունը, քանի որ վտանգը չի վերացել, հետևաբար ենթադրվում է՝ համալիրի մահճակալների անհրաժեշտությունը դեռ կարող է լինել։ (Ուշ ժամի պատճառով, Ա1+-ին չի հաջողվել մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարությունից՝ արդյո՞ք մահճակալները հավաքվել են(խմբ.):
Երաժշտական հայ հանրությանը այս փաստը ոչ միայն զարմացրել, այլև վրդովվեցրել է: Արդեն քանի ամիս է՝ իրենք զրկված են փորձեր անելու հնարավորությունից՝ սահմանափակումների պատճառով։ Իսկ նման դադարը խիստ բացասաբար է ազդում կատարողականի վրա։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հուլիսի 7-ին հայտարարել էր, որ երգեցողությունն ամենառիսկայիններից է, «քանի որ մեծ քանակի վիրուսային մասնիկներ են արտաշնչվում շրջակա միջավայր և հնարավոր է վարակեն կողքի մարդկանց»։
Իսկ «Music 20» կազմակերպիչները խոստանում են, որ միջոցառման ընթացքում խստագույնս պահպանվելու են հակահամաճարակային առողջապահական բոլոր սահմանված կանոնները:
Ըստ նրանց՝ COVID-19-ի հետևանքով ստեղծված իրավիճակում այս միջոցառման անցկացումը իրապես մեծ իրադարձություն կլինի մշակութային կյանքի համար, ոչ միայն Հայաստանում։
«Աշխարհահռչակ արտիստներ կժամանեն Հայաստան‚ և Հայաստանը կլինի այն կենտրոնը‚ որին իրենց հայացքը կուղղեն դասական երաժշտության սիրահարները։ Մենք ակնկալում ենք ավելի քան 100.000 առցանց դիտումներ»‚- այսօր ասել էր Սերգեյ Սմբատյանը։
0 Մեկնաբանություն