Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները, գրում է Ermenihaber.am-ը։
Այդ երկրի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունն անուղղակի սպառնացել է․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։
Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։
Թուրքիայի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ անուղղակի կերպով Հայաստանին մեղադրել է թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով Սևրի պայմանագրի օգնությանը դիմելու մեջ։
Հայտարարության մեջ կրկնվել է նաև վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։
Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։
Նշենք, որ օգոստոսի 10-ին լրացել է Սևրի պայմանագրի կնքման 100-րդ տարին։ Դրանով ճանաչվում էր հայ ժողովրդի իրավունքը Հայկական լեռնաշխարհի մի մասի նկատմամբ։ Թեև պայմանագիրը չի վավերացվել, Թուրքիայում մինչև այժմ էլ ցավոտ է ընդունվում այդ պայմանագրի գոյությունը։ Եվ Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, որտեղ կիրառվել են բավական կոշտ արտահայտություններ, ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան չի հաղթահարել «Սևրյան սինդրոմը»՝ վախը Թուրքիայի մասնատման նկատմամբ։
Աղբյուր` Ermenihaber.am
0 Մեկնաբանություն