«Յուրի Խաչատուրովը ունի ևս 2 օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին»,-այս մասին Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ընդգծեց, որ Խաչատուրովի ներկայանալը շատ կարևոր է՝ հատկապես Էդուարդ Նալբանդյանին 2 ժամից ավել լսելուց հետո: Ակնարկեց, որ բանակցային գործընթացին առնչվող հարցեր կան:
Նշենք, որ հանձնաժողովականները այսօր տեսակապով զրուցել են Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Անդրանիկ Քոչարյանը շեշտեց, որ կան շատ կարևոր հարցեր, որոնց Խաչատուրովը պետք է պատասխանի հանձնաժողովում:
Քոչարյանն ասաց՝ նամակներ չի ուղարկելու, որովհետև նամակների պատասխաններ արդեն ստացել է:
«Մինչև 4-ը մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հրավիրել նիստ, ուղղել հարցեր պարոն Խաչատուրովին՝ պարոն Նալբանդյանին լսելուց հետո»:
Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց՝ իրենց եզրահանգումներով կզբաղվեն այլ պաշտոնյաներ, իսկ Խաչատուրովն այն ժամանակ եղել է թիվ 1 զինվորական պաշտոնը զբաղեցնող անձը և գործընթացի մեջ առանցքային դերակատարում է ունեցել.
«Ի՞նչ է նշանակում մերժել ներկայանալ մի հանձնաժողովի, որին բոլոր պաշտոնյանները և զինվորականները եկել են և օգնել իրողությունները ճիշտ հասկանալու համար»:
Հանձաժողովականների հարցերին նախկին արտգործնախարարը տվել է դիվանագիտական պատասխաններ. Անդրանիկ Քոչարյանի գնահատականն է:
Հանձնաժողովն Արցախի արդեն նախկին նախագահ Բակո Սահակյանին ևս 3-4 հարց ունի, որոնց պատասխանները ևս կստանա:
Հիշեցնենք՝ Քննիչ հանձնաժողովի գործունեության վերջնաժամկետը հունիսի 4-ն է: Արդյունքները հայտնի կլինեն ավելի ուշ:
Հանձնաժողովի նիստին արդեն մասնակցել են ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քոչարյանն անդրադարձել է նաև այն որոշմանը, որ մինչև համավարակի ավարտը, Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մնալու է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
«Տա Աստված՝ համավարակը շուտ ավարտվի, որ դատաքննությունն սկսվի»:
Փաստահավաք խմբի նախկին անդամն ասաց՝ շատ կուզեր, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ չունենար ու նաև արհեստածին խնդիրներ չստեղծվեին, որպեսզի ապացուցվեր նրա ճիշտ կամ սխալ լինելը:
ՄԻԵԴ-ի որոշման մասին ասաց՝ որքանով հասցրել է ծանոթանալ, այդտեղ ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանը թող ակնկալիքներ չունենա:
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով խորհրդատվական կարծիք:
Տեսանյութը՝ Factor.am-ի




0 Մեկնաբանություն