Հասարակություն

Ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդությունների հավանականությունը մեծ է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ բոլոր երկրներն ամեն տարի մայիսի 31-ին նշում են Առանց ծխախոտի համաշխարհային օրը՝ կարևորելով առողջության պահպանումը և այն հավելյալ ռիսկերը, որոնք կապված են ծխախոտի օգտագործման հետ, նաև քարոզում ծխախոտի սպառման նվազեցմանն ուղղված արդյունավետ քաղաքականություն:

Օրվա առիթով ԱՀԿ-ն հանդես է եկել «Ծխախոտի օգտագործումը և COVID-19-ը»խորագրով հայտարարությամբ, որում մասնավորաբար  ասվում է․

«Ամեն տարի ծխախոտն աշխարհում սպանում է ավելի քան 8 մլն. մարդու։ Այս դեպքերից 7 մլն.-ի պատճառը ծխախոտի ուղղակի օգտագործումն է, 1,2 մլն.-ինը՝ 2-րդային ծխի ազդեցությունը։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ​ԱՀԿ-ի հանրային առողջապահության ոլորտի հրավիրյալ փորձագետների կողմից 2020 թ. ապրիլի 29-ին իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է, քան չծխողների մոտ։ 

COVID-19-ը վարակիչ հիվանդություն է, որն 1-ին հերթին ազդում է թոքերի վրա։ Իսկ ծխելը վատթարացնում է թոքերի ֆունկցիան՝ դժվարացնելով օրգանիզմի պայքարը կորոնավիրուսի և այլ հիվանդությունների դեմ։ Ծխախոտը ռիսկի հիմնական գործոն է ոչ միայն շնչառական վարակիչ հիվանդությունների, այլև ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար, ինչպիսիք են՝ սրտանոթային, շնչառական հիվանդությունները, քաղցկեղը, շաքարային դիաբետը և այլն: ԱՀԿ-ն մշտապես գնահատում է նոր հետազոտությունների արդյունքները, որոնցում ուսումնասիրվում է կապը ծխախոտի, նիկոտինի օգտագործման և COVID-19-ի միջև և կոչ է անում զերծ մնալ չապացուցված հայտարարություններ անելուց այն մասին, որ ծխախոտը և նիկոտինը կարող են նվազեցնել COVID-19-ի զարգացման ռիսկը։ Առայժմ բավարար տվյալներ չկան, ինչը կհաստատի որևէ կապ ծխախոտի, նիկոտինի և COVID-19-ի կանխարգելման և բուժման միջև։ Ուստի, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ծխողներին անհապաղ քայլեր ձեռնարկել ծխելը թողնելու համար՝ օգտագործելով ստուգված մեթոդներ, ինչպիսիք են՝ ծխելը թողնելու անվճար միջոցները, տեքստային հաղորդագրությունների բջջային հավելվածները և նիկոտինային փոխարինող թերապիաները»։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *