Հասարակություն

«Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին»: Մահացած զինծառայողի մայրը ջուր է լցրել քննիչի վրա (տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ցավում եմ, որ էմոցիաներն ու կրքերը հաղթեցին և քննարկումը մեզ չմոտեցրեց արդարությանը: Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված էր շատ կարևոր քննարկում՝ ՀՀ զինված ուժերում ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողների կողմից բարձրացված իրավունքի խախտման խնդիրների վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա էին զինվոր կորցրած սևազգեստ մայրերը և Քննչական կոմիտեի, Զինվորական դատախազության ու Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։

Ծնողները տարիներ շարունակ պնդում են, որ իրենց որդիների «ինքնասպանություն» որակումը կեղծ և ոչ արդար քննության արդյունք է, և պահանջում են գործերի վերաբացում։ Նիստին ներկա քննիչները բոլոր գործերի վերաբերյալ պատրաստ էին տալ պարզաբանումներ եւ սկսեցին ներկայացնել նախաքննական նյութերը, որոնցից բոլորը չէ, որ բավարարեցին զինվոր կորցրած ծնողներին։ Արդյունքում՝ ցավոք, կրքերը շիկացան և այլևս նման մթնոլորտում նիստը շարունակելն անհնար էր։

Հանձնաժողովի որոշմամբ նիստն ընդհատվեց և այժմ մենք կփորձենք ծնողների հետ միասին գտնել առավել արդյունավետ ձևաչափ՝ այս ցավոտ խնդրի քննարկումները շարունակելու և արդարությունը վերականգնելու համար։

Զինվոր կորցրած ծնողը գործի քննության հետ կապված որևէ կասկած չպիտի ունենա և վերջ։ Ուզում եմ վստահ լինել, որ հաջորդ քննարկումները կանցնեն ավելի խաղաղ մթնոլորտում, որովհետև մենք մեր ներսում թշնամական խրամատներ չպիտի փորենք և զինվոր կորցրած ծնողը քննիչին չպիտի համարի իր թիվ 1 թշնամին: Էսպես մենք ոչ չի տեղ չենք հասնի։ Միմյանց լսել ու հարգել է պետք։ Ցավում եմ այսօր տեղի ունեցած տհաճ միջադեպի համար»։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մահացած զինծառայողի մայրը՝ Իրինա Ղազարյանը ջուր է լցնում քննիչի վրա։

Տեսանյութը՝ News.am-ի

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *