Հասարակություն

Տղամարդ ուսուցիչների թիվը գնալով նվազում է. կրթության փորձագետ

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադառնում է համացանցում տարածում գտած թեմային՝ 10 հազար ուսուցիչների կրճատման վերաբերյալ։

Խաչատրյանի խոսքով՝ սա կեղծ տեղեկատվություն է։ Փորձագետի պնդմամբ՝ ուսուցիչ կրճատել պետք չէ։ Նույնիսկ քաղաքների դպրոցներում բնագիտական առարկաների ուսուցիչների պակաս կա, իսկ գյուղերում վիճակն ավելի վատ է։ 

«Այն ուսուցչական կազմը, որ ունենք, պետք է պահենք դպրոցներում», - շեշտեց նա՝ նշելով, որ երիտասարդները չեն ցանկանում ուսուցիչ աշխատել։ 

Խաչատրյանի համար անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ տղամարդ ուսուցիչների թիվը գնալով նվազում է՝ ուսուցիչների մոտ 90-91 տոկոսը կանայք են, 8-9 տոկոսը՝ տղամարդիկ։ 

Իսկ տղամարդկանց կողմից դասավանդվող հիմնական առարկաներն են՝ ռազմագիտություն, ֆիզկուլտուրա, շախմատ։ 

Սերոբ Խաչատրյանը մատնանշում է նաև ուսուցիչների տարիքի հարցը՝ եվրոպական երկրներում ուսուցիչների միջին տարիքը 40-ն է, իսկ Հայաստանում շատ են 60-ն անց ուսուցիչները։  

Կրթության փորձագետն ասաց, որ մի դպրոցում տնօրենը չէր կարողանում այլընտրանք գտնել գերմաներենի 80-ամյա ուսուցչին, քանի որ մասնագետ չկար։ 

Իսկ թե ի՞նչ գործիքակազմ պետք է կիրառել, որպեսզի տղամարդ ուսուցիչների թիվն ավելանա, փորձագետի խոսքով՝ պետք է խրախուսման ինչ-որ միջոցներ ձեռնարկել։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *