Հասարակություն

Տեղորոշման համակարգը 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ է տվել․Ավինյան (տեսանյութ)

Հայաստանում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու կառավարության որոշման հիման վրա ԱԺ-ում իրավունքի ուժով հատուկ նիստ է հրավիրվել՝ Կառավարության բոլոր անդամների ու  վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կառավարության որոշումը։ Նա ընդգծել է, որ ակնհայտ է, որ առաջիկայում աշխարհը տարբեր է լինելու սոցիալ-մշակութային, տնտեսական և քաղաքական համատեքստում։

Տիգրան Ավինյանի խոսքով՝ այժմ պետությունները 2 գերնպատակ ունեն՝ արդյունավետ կառավարել ճգնաժամը և նախապատրաստվել ետկորոնավիրուսային աշխարհին։ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ներկայացմամբ՝ ՀՀ մշտական բնակչության 12%-ը կամ ավելի քան 353.000 մարդ համարվում է ռիսկային խումբ ըստ տարիքի, անկախ առողջական վիճակից։ Տ. Ավինյանը ներկայացրել է այն միջոցառումները, որոնք արվել են այս ընթացքում։ Ըստ պարետի՝ ընդլայնվում են առողջապահական համակարգի հնարավորությունները, այդ թվում՝ մեկուսացման վայրերը, լրացուցիչ մահճակալային կարողությունները, թեստավորման քանակը, անհատական պաշտպանիչ միջոցները։

«Այս պահի ունեցածով՝ մենք կկարողանանք սպասարկել շուրջ 1700 մահճակալային հիվանդի, որը մեր մեղմ հաշվարկներով թույլ է տալիս ունենալ 4500 վարակակիր»,- մանրամասնել է Ավինյանը։ Պարետը հայտնել է, որ արդեն գործարկվել է տեղորոշման համակարգը, որով ավտոմատ համակարգը տեղորոշում է այն անձանց շրջանակը, որոնք կոնտակտ են ունեցել վարակակիրների հետ։

  «Այս պահի դրությամբ 315 արձանագրված հիվանդի գործիքը մեզ տվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացվող անձանց շրջանակ, բոլորի հետ կապ է հաստատվել։ Նրանք չեն գտնվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ցուցակներում, որը նշանակում է՝ 3029 հավելյալ անձ, ովքեր 14 օրվա ընթացքում կարող են դառնալ վարակակիր»,- ասել է Տիգրան Ավինյանը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *