Հասարակություն

Սիգի արդյունագործական որսի հայտերի ընդունումն ընթացքի մեջ է

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ՝ մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլի երկարաձգված ժամկետում որս իրականացնելու հայտերի ընդունումը:

2021 թ․ սեպտեմբերի 2-ին Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N1603-Ն որոշումներում փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշումը։

Սույն որոշմամբ 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացվեց ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:

«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝

ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս, որսը պետք է իրականացվի 40 մմ և ավելի ցանցավանդակի կառուցողական քայլ ունեցող դնովի ցանցերով,

ափից առնվազն 500 մ հեռավորությամբ՝ մանրաձկան որսը բացառելու համար, որսը իրականացվելու է մինչև հոկտեմբերի 15-ը,

դեկտեմբեր-հունվար ամիսներին սահմանվելու է խիստ հսկողության ռեժիմ՝ ձկների ձվադրման գործընթացն ապահովելու համար,

 ձկնորսական լողամիջոցները լիճ մուտք և ելք են կատարելու դրանց համար հատուկ առանձնացված տեղամասերից,

 որսը կազմակերպվելու է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված ժամային գրաֆիկի,

 մուտքի և ելքի տեղամասերում հսկողություն իրականացնող տեսուչը համապատասխան մատյանում լրացնելու է տվյալ օրը լիճ մուտք գործած լողամիջոցի, ձկնորսի տվյալները,

 մուտքի և ելքի ժամը, ստուգելու է որսագործիքները, որսն ավարտելուց հետո գրանցելու է որսված ձկան քանակությունը։

 Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ.սեպտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *