Հասարակություն

Սերժ Սարգսյանը հրավիրվել է ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ գրություն է ուղարկվել, որով Սերժ Սարգսյանը  հրավիրվել է 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող  քննիչ հանձնաժողով` լսումների նպատակով:

Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Քննիչ հանձնաժոովի անդամ Քրիստինե Պողոսյանը:

Պատգամավորն ասաց, որ հրավեր  ուղարկել են, սպասում են արձագանքին:

Մեր ճշտող հարցին, թե հանձնաժողովը կոնկերտ ի՞նչ հարցերի պատասխաններ է ուզում ստանալ Սերժ Սարգսյանից, Պողոսյանն արձանքեց.

«Մենք մեկ տարի առաջ էլ ենք ասել, որ ամբողջ աշխատանքը չենք բացելու մինչև աշխատանքի ավարտը՝ անվտանգությունից ելնելով: Շատ քիչ է մնացել, մենք վերջին հրավիրվողն ունենք, Սերժ Սարգսյանն է․ հանդիպումից հետո մանրամասները կասենք»,- հայտնեց Պողոսյանը:

Հիշեցնենք՝ նախորդ տարի  Ազգային ժողովում ստեղծեց 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի լիազորությունները իրականացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ։
 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *