Հասարակություն

Սերգեյ Վալկոն վերանշանակվել է «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Ալեքսանդր Միշարինը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը, տեղեկացրեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն վերանշանակվել է Սերգեյ Գեննադիի Վալկոն:

Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրեց ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ ցուցանիշով, իսկ  ուղևորաշրջանառության ցուցանիշով գտնվում է 4-րդ տեղում:

Խոսելով Հարավկովկասյան երկաթուղու գործունեության մասին, Միշարինը նշեց, որ 11 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է բավարարել Հայաստանի տնտեսության փոխադրումների պահանջարկը, իրականացնել երկրի տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր՝ չնայած երկրի տրանսպորտային շրջափակմանը:

ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրեց, որ երկաթուղու դերը Հայաստանում աստիճանաբար աճում է, և ՌԵ-ի համար աշխատանքը հանրապենությունում նույնքան կարևոր է, ինչպես աշխարհի այլ 40 պետություններում, որտեղ ներկայացված է հոլդինգը: Նա հիշեցրեց, որ ՀԿԵ-ն հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը՝ Ընկերությունում աշխատում է 3 հազար մարդ:

Նա նաև նշեց, որ միջին աշխատավարձը Հայկական երկաթուղում գերազանցում էր հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակնը միայն 9%-ով, իսկ 11 տարիների ընթացքում երկաթուղայինների միջին աշխատավարձն ավելացել է 95%-ով և 29,2%-ով գերազանցում է միջին ցուցանիշը: Աշխատանքի արտադրողականությունը նույնպես ավելացել է՝ 66,2%-ով, 2019 թվականի արդյունքներով նախատեսվում է աճ 6,9%-ով, ինչը արդյունավետ աշխատանքի մասին է վկայում:

Ալեքսանդր Միշարինը նկատեց, որ ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված Հայաստանի երկաթուղայինների աշխատանքի շնորհիվ  տեղամասային արագությունը 22 կմ/ժ-ից ավելացել է մինչև 36 կմ/ժ, տեխնիկականը՝ 27 կմ/ժ-ից մինչև 42 կմ/ժ, իսկ գնացքի միջին քաշը կազմել է 1 514 տն՝ 1 101 տն-ի դիմաց:

«2019 թվականին ծրագրվում է փոխադրել 2,9 մլն տն բեռ, ինչը 6,5%-ով կգերազանցի 2008 թվականի ցուցանիշը: Երկաթուղու մասնաբաժինը Հայաստանի բեռնափոխադրումների կառուցվածքում կազմում է 23%, ինչը բարձր ցուցանիշ է ցանկացած պետության համար:

2018 թվականին Հարավկովկասյան երկաթուղուն հաջողվել է վերականգնել իր դիրքերը բեռնափոխադրումների շուկայում 2015 թվականի ճգնաժամից հետո: 2019 թվականին բեռնափոխադրումների նախատեսվող աճը ճգնաժամային 2015-ի հետ համեմատ կկազմի 15% կամ 404 հազար տոննա, բեռնման աճը՝ 40,6%, իսկ ուղևորափոխադրումներինը՝ գրեթե 50%:

2019 թվականի ութ ամիսների ընթացքում նկատվում է փոխադրումների դրական միտում. բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի հետ համեմատ ավելացել է 4,2%-ով, բեռնաշրջանառությունը՝ 11,2%-ով, բեռնումը՝ 6,4%-ով:

  Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հարավկովկասյան երկաթուղու աշխատողներին արդյունավետ աշխատանքի համար՝ չնայած ոմանց կողմից հնչող նեգատիվ հայտարարությունների», - ընդգծեց Ա.Միշարինը:

Հիշեցնելով, որ ՀԿԵ-ն բեռնափոխադրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ՝ ՌԵ ներկայացուցիչը նշեց Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի հաջող աշխատանքը, որը արդյունավետ կիրառում է տարբեր էլեկտրոնային համակարգեր, ինչը հաճախորդներին թույլ է տալիս ոչ միայն ձևակերպել պատվերը և փոխադրման փաստաթղթերը, հետևել անձնական հաշվի վրա միջոցների շարժին, այլև իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողություններն առցանց:

Խոսելով ուղևորափոխադրումների ոլորտի մասին՝ Ալեքսանդր Միշարինը կարևորեց ուղևորահոսքի շարունակական աճը 2015 թվականից: Նշված տարում փոխադրվել է 346,2 հազար ուղևոր, իսկ 2019 թվականին նախատեսվում է գերազանցել 418 հազարի շեմը: Միջազգային հաղորդակցությունում աճը շարունակվում է 2008 թվականից, երբ փոխադրվել է 27,5 հազար ուղևոր: 2018-ին ցուցանիշը կազմել էր արդեն 64,1 հազար, իսկ 2019 թվականին ծրագրված ցուցանիշը կազմում է 69,4 հազար ուղևոր:

- Այսպիսով, 2008 թվականի նկատմամբ աճը կկազմի 2.5 անգամ: Ներհանրապետական ուղևորափոխադրումների ոլորտում հիմնական նորամուծություններից է Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկու նոր էլեկտրագնացքների շահագործումը: Եվս երկու նոր էլեկտրագնացք ՀԿԵ-ն պիտի ստանար այս տարի, սակայն գործարքը սառեցվել է՝ որոշ հանգամանքներով: Հուսով եմ, որ շուտով բոլոր հարցերը կկարգավորվեն, - նշես ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալը:

Երկաթուղին նաև ակտիվ սոցիալական և բարեգործական քաղաքականություն է վարում՝ այդ նպատակներին ուղղելով 339 մլն դրամ: Բարեգործական նախագծերի թվում են մասնակցությունը տարբեր բարեգործական հիմնադրամներում, օժանդակությունը վետերան-երկաթուղայիններին, մասնակցությունը Մեծ Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների կազմակերպմանը, Սանահինի մանկապարտեզի և Ֆիոլետովո գյուղի դպրոցի վերանորոգումը և աջակցությունը և այլն:

- Երկաթուղին կարգապահորեն վճարում է հարկերը՝ եթե 2007 թվականին Հայկական երկաթուղու վճարված հարկերը կազմել են 1,6 մլրդ դրամ, ապա 2009 թվականից Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարները միջինում ավելացել են 2,6 անգամ: 11 տարիների ընթացում երկաթուղին վճարել է 46 մլդր 315 մլն դրամ հարկեր, - արձանագրել է Ա.Միշարինը:

ՌԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նաև նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ավանդը Հարավկովկասյան երկաթուղու զարգացման գործում և հայ երկաթուղայիններին մաղթեց նորանոր հաջողություններ: 

Իր հերթին ՀԿԵ ղեկավարը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրել, որ երկաթուղու աշխատողները կանեն հնարավորը հետագա արդյունավետ աշխատանքի համար:

 

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *