Հասարակություն

Սայլը տեղից չի շարժվում.Կապսի ջրամբար. թղթակցում են COAF շրջանավարտները

40 տարուց ավելի է՝ Շիրակի մարզի Ջրաձոր գյուղի բնակիչներն սպասում են Կապսի ջրամբարի կառուցմանը, բայց՝ապարդյուն։ Գյուղի բնակիչների նախնիները 1828 թ-ին գաղթել են Բասենի գյուղերից։ Զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, նաև արտագնա աշխատանքի մեկնում։ Այժմ գյուղում 82 ընտանիք են բնակվում: Գյուղին կից է Կապսի ջրամբարը: Կառուցվելու դեպքում Ջրաձորը կհայտնվի ռիսկային գոտում, որովհետև վտանգ կա, որ գյուղը կհայտնվի ջրի տակ։ Գյուղի վարչական ղեկավար Գևորգ Հովակյանի խոսքով՝ ջրամբարի կառուցման հետ մեկտեղ, գյուղը կտեղափոխեն և տները կկառուցեն գյուղից 3 կմ հեռավորության վրա։ Կապսի ջրամբարի շինարարությունը դեռ սկսվել է 1985 թ-ին։ Շինարարական աշխատանքները դադարեցվել են 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո։ 2013-ի օգոստոսի 8-ին՝ ՀՀ կառավարության նիստում հավանություն են տվել Հայաստանի և Գերմանիայի վերականգման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված էր ջրամբարի վերականգմանը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքները վերսկսվելու են 2020 թ-ին։ Ջրաձորի բնակչուհի Ջուլիետա Վարդանյանն ասում է.«Ես ինչ ծնվել եմ, ասում են՝ գյուղը տեղափոխելու են, ջրամբարը՝ սարքելու։ Ջրամբարի կառուցման դեպքում արոտավայրերը մնում են ջրամբարի մյուս կողմում, իսկ այստեղ մարդիկ զբաղվում են անասնապահությամբ. ստացվում է՝ մարդիկ կտրվում են հողից, ինչո՞վ պետք է անասուն պահեն և ապրեն»: Հարցի հետ կապված վարչական ղեկավարն ասում է, որ կամուրջ կկառուցվի և ջրամբարը չի վնասի արոտավայրերի օգտագործմանը։ Ջրամբարի ջուրը չի վնասի նաև գյուղի եկեղեցուն և գերեզմանոցին։ Ջրաձորի բնակիչները սպասման մեջ են, հույս ունեն, որ ջրամբարը կառուցվելուն պես նոր տներ կստանան։ Այդ պատճառով էլ՝ ջրաձորցիները տները չեն վերանորոգում, ավելորդ ծախսեր չանելու պատրվակով: Ջրամբարի կառուցման դեպքում, կա՛մ տուն կտան, կա՛մ տան համար փոխհատուցում։ Հարցի շուրջ գյուղի բնակչուհի Կարինե Հակոբյանն ունի հետյալ տեսակետը.«Ավելի լավ է տուն տան, քան՝ տան համար փոխհատուցում, որովհետև դժվար այնքան գումար տան, որ գյուղացիները կարողանան քաղաքում բնակարան գնել»: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումն իրենց համար առաջնահերթություն պետք է լինի, հատկապես՝ Կապսի պարագայում, որի վրա մեծածավալ աշխատանքներ տարվել դեռ Խորհրդային միության տարիներին։ Ջրամբարը կնպաստի տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, կլուծվեն մարզի ոռոգման խնդիրները, իսկ Ջրաձորը կտեղափոխվի՝ ելնելով ազգաբնակչության շահերից։ Կապսի ջրամբարի պատմությունը ջրաձորցիները նմանեցնում են կարապի, գայլաձկան ու խեցգետնի պատմությանը… ու սայլը այդպես էլ տեղից չի շարժվում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *