Հասարակություն

Սահմանամերձ բնակիչներին ազատել գույքահարկից և հողի հարկից. պատգամավորների առաջարկը (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Սիփան Փաշինյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է սահմանամերձ 36 բնակավայրերին շարունակել տրամադրել սոցիալական աջակցություն։

Ներկայացվող նախագիծը նախատեսում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը սահմանամերձ բնակիչներին ազատել հողի հարկից և գույքահարկից, ինչպես նաև 50 %-ով փոխհատուցել բնական գազի, հոսանքի և ջրի ծախսը։ Ինչպես նշում է նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը՝ սա  գործող օրենքի շարունակությունն է որոշակի փոփոխություններով.

«Օրենքը, որով պետության կողմից տրվում էր աջակցություն,  մի քանի ամսից  դադարում է, հարկ ենք համարում երկարացնել նախագիծը երեք տարով, որով հնարավորություն է տրվում սահմանապահ բնակիչներին պետության կողմից ստանալ որոշակի աջակցություն՝ հաշվի առնելով, որ ամեն օր վտանգում են իրենց կյանքն ու գույքը»։

Նախագիծը սահմանում է մի քանի հիմնական դրույթ, մասնավորապես՝ պետության երաշխավորությամբ նորոգել այն տները, որոնք վնասվել են հրետակոծություններից, ռազմական գործողությունների ընթացքում սահմանապահ բնակիչների վիրավորվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում պետությունից ստանալ 1-3 մլն, մահվան դեպքում ՝ 5 մլն դրամ, փոխհատուցել նույն գործողությունների արդյունքում սպանված ընտանի կենդանիների վնասը, ինչպես նաև բարձր դասարանների աշակերտների դասագրքերի գումարը փոխհատուցել 50 %-ի չափով կամ տրամադրել անվճար։ 

«Իհարկե առաջնային մնում է հողի հարկից և գույքահարկից ազատումը և կոմունալ ծախսերի կիսով չափով փոխհատուցումը։ Համաճարակով պայմանավորված՝ մի քանի փոփոխություններ նախատեսվում են հաջորդ տարի, օրինակ մանկապարտեզներն անվճար դարձնելն ու ուսանողների ուսման վարձերը փոխհատուցելը»,- ասաց նա։

Սոցիալական աջակցության մեջ ներառված են Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերը։ Օրենքի նախագծի քննարկումը կսկսվի սեպտեմբերին՝ ԱԺ-ի նստաշրջանի աշխատանքները սկսվելուն պես։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *