Հասարակություն

Պետությունը չի կարողանում ապահովել ռուսական ռազմաբազայի տարածքում պահվող մեղադրյալ զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևի ներկայությունը դատարանում: Ա. Սաքունց

2019 թ․ սեպտեմբերի 6-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով դատական նիստը, որը, սակայն, հետաձգվեց: 
Մեղադրող կողմը՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը, սեպտեմբերի 5-ին դատարանին նամակով խնդրել էր հետաձգել նիստը՝ արձակուրդում լինելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, մասնավորապես՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 8-րդ մասի («Դատարանում քրեական գործի քննությանը կողմերի մասնակցությունը պարտադիր է: Դատարանում քրեական գործի քննությանը մեղադրանքի կողմը ներկայացնում է մեղադրողը»), 54-րդ հոդվածի 3-րդ մասի («Դատարանի կողմից քրեական գործեր (…) քննելիս դատախազի մասնակցությունը պարտադիր է»), 306-րդ հոդվածի 5-րդ մասի («Դատախազի չներկայանալու և նրան այլ դատախազով փոխարինելու անհնարինության դեպքում գործի քննությունը հետաձգվում է»), նիստը հետաձգել էր և նշանակել 2019-ի հոկտեմբերի 25-ին: 
Հիշեցնենք՝ Ջ․ Ղուկասյանը մահացել էր 2018 թ. դեկտեմբերին՝  Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի կողմից՝ դաժան ծեծի արդյունքում: Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը …անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ):  
2019թ. հոկտեմբերի 25-ին նշանակված նիստը նույնպես տեղի չունեցավ, որի մասին համապատասխան ծանուցում  տեղադրվեց «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: 
Դատական նիստերի՝ 2 անգամ հետաձգվելու փաստը ուշադրության չէր արժանանա, եթե չարձանագրեինք բավական հետաքրքիր մի փաստ: Ըստ տեղեկատվական համակարգի՝ Կ. Գաբրիելյանն այս անգամ խնդրել էր 2019-ի հոկտեմբերի 25-ին նշանակված դատական նիստը դարձյալ հետաձգել՝ այս գործով նույնպես մեղադրող ներգրավված, դատախազի տեղակալ  Վ. Միրզոյանի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում դատախազների հերթական ատեստավորմանը մասնակցելու պատճառով՝ միաժամանակ խնդրելով հարգելի համարել դատական նիստին նրա չներկայանալը: Միևնույն ժամանակ մեղադրող դատախազ Կ. Գաբրիելյանը դատական նիստին անձամբ իր չմասնակցելու կամ մասնակցել չկարողանալու մասին որևէ հիմնավորում այս անգամ չէր ներկայացրել:
Դատական 2 նիստերին չմասնակցելու վերաբերյալ դատախազի 2 նամակների ուսումնասիրությամբ հանգեցինք հետևյալին. առաջինը՝ պարզվում է՝ Ռազգիլդեևի գործով դատական նիստին ներգրավված են 2 մեղադրողներ՝ դատախազ Կ. Գաբրիելյանն ու իր տեղակալ  Վ. Միրզոյանը, 2-րդ՝ 1-ին նիստի հետաձգման համար Կ. Գաբրիելյանը  որպես հիմնավորում ներկայացնում էր իր՝ արձակուրդում լինելը՝ չներկայացնելով որևէ տեղեկություն 2-րդ մեղադրող  դատախազով իրեն փոխարինելու հնարավորության մասին, 3-րդ՝ «Դատալեքս»-ի միջոցով տեղեկացնելով դատական նիստը 2-րդ անգամ հետաձգելու մասին՝ Գաբրիելյանը որպես  հիմնավորում բերում է գործով մեղադրող ներգրավված դատախազի տեղակալի՝ ատեստացիային մասնակցելու հանգամանքը: Հենց այս գրությունից է, որ տեղեկանում ենք 2-րդ մեղադրողի ներգրավման մասին:
Վերադառնանք հոկտեմբերի 25-ի դատական նիստին, որին 2-րդ մեղադրող Վ.Միրզոյանի մասնակցության անհնարինության պարագայում կարող էր մասնակցել անձամբ ինքը՝ 1-ին մեղադրող Կ. Գաբրիելյանը՝ հաշվի առնելով, որ նիստը նշանակված էր հոկտեմբերի 25-ին՝ իր արձակուրդից 50 օր անց, հետևաբար ինքն արդեն աշխատանքի մեջ էր: 
Թե՛ սեպտեմբերի  6-ի, թե՛ հոկտեմբերի 25-ի նիստերի՝ տեղի չունենալու հիմնական պատճառը, ըստ փաստաբան Արայիկ Զալյանի, այն է, որ մինչ օրս Ա. Ռազգիլդեևը գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում՝ ՀՀ համապատասխան քրակատարողական հիմնարկ տեղափոխվելու փոխարեն, ինչը խոչընդոտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը, ինչին արդեն անդրադարձել էինք մեր նախորդ հրապարակումներում: 
«Փաստ է այն, որ զինծառայողը ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ծառայող է, և հանցագործությունը տեղի է ունեցել ՀՀ տարածքում՝ Գյումրի քաղաքում, գյումրեցու հանդեպ, ոչ թե՝ ռազմաբազայի տարածքում, ուստի՝ մեր պահանջը լիովին օրինական է, որ քննությունը տարվի ՀՀ դատավարական օրենսդրության, ՀՀ իրավական ակտերի շրջանակներում և բացառվեն կամայականությունները»,-ասում է Արայիկ Զալյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *