Հասարակություն

Պատվաստանյութերի նկատմամբ հետաքրքրությունը բնակչության մեջ բավական մեծ է. նախարար

Գիշերը Հայաստանը ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ՝ 7500 հոգու համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ինչպես AstraZeneca-ի պատվաստանյութը, այն ևս կիրառվելու է ռիսկի խմբերի պատվաստման համար:

«Նախապատվությունը տրվելու է կովիդ-կենտրոնների բուժաշխատողներին, քրոնիկ հիվանդություններով պացիենտներին և 65-ից բարձր մարդկանց: Երևանի ու մարզային ամբուլատորիաների տնօրենների հետ զրույցները ցույց են տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նկատմամբ հետաքրքրությունը բնակչության մեջ բավական մեծ է»,- ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ չնայած այն փաստին, որ բոլոր պատվաստանյութերն այսօր փոքր խմբաքանակներով են վաճառվում երկրներին և դրանք շատ բարդ է ձեռք բերել, պետությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց այլ խմբեր ևս կարողանան ներառվել պատվաստման գործընթացում: «Սակայն այս պահի դրությամբ նույնիսկ զարգացած երկրներում պատվաստում են առաջին հերթին ռիսկի խմբերի ներկայացուցիչներին»,- նկատեց նախարարը:

Պատվաստանյութի հետ կապված հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է նաև ապրիլի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *