Հասարակություն

Որոշակի զեղչեր թոշակառուներին՝ բանկային քարտով գնումներ անելու դեպքում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում առաջիկայում սոցիալական նշանակության նոր համակարգի ներդրմանը: «Ես հույս ունեմ, որ մենք հաջորդ շաբաթ կառավարության նիստում այն մանրամասն կքննարկենք: Անընդհատ մեր օրակարգում է սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման հարցը: Այս առումով մենք որոշակի ռազմավարական պատկերացումներ ունենք, որը կապված է նաև այլ ռազմավարությունների հետ: Տեղյակ եք, որ արդեն այս տարվանից մենք կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնել ենք: Առաջիկայում ներդնելու ենք հետևյալ համակարգը՝ հանրապետության բոլոր կենսաթոշակառուների բանկային քարտերով արվող առևտրի դեպքում պետք է կիրառենք զեղչեր: Եթե թոշակառուն առևտուրն իրականացնում է բանկային քարտի միջոցով, մենք կներդնենք զեղչերի համակարգ, որն ունի շատ կարևոր մի քանի նշանակություն: Առաջինը՝ զուտ սոցիալական նշանակություն, երկրորդը՝ կանխիկի շրջանառության կրճատում, երրորդը՝ այդ առևտրի տվյալների վերլուծություն, որի շնորհիվ կկարողանանք արդյունավետ դարձնել սոցիալական քաղաքականությունը և գտնել առավել զգայուն կետերը մեր կենսաթոշակառուների կարիքների համար»,-ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև, թե ինչպես է համակարգը աշխատելու. «Այստեղ պետության և մասնավորի համագործակցության շատ կարևոր օրինակ է, որովհետև այդ զեղչերը, ինչքան որ կսահմանվեն, հույս ունենք, որ կհամաֆինանսավորվեն կառավարության, բանկային համակարգի և արդեն մասնավորի կողմից: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև բանակցում ենք, նաև բանավոր խոսակցություններ ենք ունեցել տարբեր ընկերությունների հետ այս ծրագրում ներգրավելու համար, բայց, այնուամենայնիվ, ենթադրում եմ, որ ոչ բոլոր ընկերություններն են տեղյակ, որ այսպիսի գործընթաց է տեղի ունենում: Ես հիմա կառավարության նիստում բարձրաձայնում եմ, որ ահա այսպիսի նախագիծ կա և հույս ունեմ՝ այն ընկերությունները, որոնց մենք այսպես ասած հասցեական չենք դիմել, իրենք էլ նախաձեռնություն կցուցաբերեն և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կաշխատեն»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ծրագիրը շատ կարևոր է և բարդ. «Այն ունի ծրագրային ապահովման անհրաժեշտություն, տվյալների վերլուծության անհրաժեշտություն: Այսօրվա իմ ուղերձը հետևյալն է՝ այն ընկերությունները, որոնք անկանխիկ առևտրի համակարգ ունեն և ուզում են մասնակցել այս ծրագրին, սոցիալական պատասխանատվության այս գործառույթի մեջ իրենց դերը ստանձնել, պիտի կոչ անեմ, որ առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում ակտիվ աշխատեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Գիտեք, եթե ըստ էության շատ ուղիղ ասենք, խոսքը թոշակները 10 տոկոսով բարձարցնելու մասին է, բայց մի փոքր այլ մեխանիզմով: Սա մոտավորապես այն նույն մոդելն է, որը մենք իրականացնում ենք ուսուցիչների աշխատավարձի բարձրացման դեպքում: Այսինքն՝ մենք մի փոքր այլ մեխանիզմ ենք փորձում ներդնել, որը նաև մեզ տվյալներ է տալու: Այդ տվյալների մշակման արդյունքում մենք կարողանալու ենք ավելի վիզուալ պատկեր ունենալ մեր կողմից վարվող սոցիալական քաղաքականության արդյունավետության մասին, անհրաժեշտության դեպքում նաև կարող ենք սրբագրումներ մտցնել մեր սոցիալական քաղաքականության մեջ: Հույս ունենք, որ գործնականում հունիսի կեսերից այս համակարգն արդեն լիարժեք՝ քարտերով, բանկային համակարգով և առևտրային ցանցերով կսկսի գործել»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *