Հասարակություն

Նոր նախագիծ՝ միտված պետության աջակցությամբ կացարանի կարիք ունեցող ընտանիքների բնակարան ձեռք բերմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը պետական աջակցություն տրամադրելու նպատակային ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը

Որոշման նախագծով առաջարկվում է կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար սահմանել սոցիալական հիփոթեք, որը յուրաքանչյուր տարի մինչև 2000 ընտանիքների համար կստեղծի կեցության արժանապատիվ պայմաններ։

Նախատեսվում է, որ այս ծրագրի շահառու կարող են դառնալ որոշակի սոցիալական խմբերին դասված ընտանիքներ, որոնց ցանկը (սոցիալական խմբերի) կհաստատի ՀՀ կառավարությունը՝ սահմանելով նաև դրանց ընտրության չափորոշիչները։ 

Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը՝ մինչև երեք երեխա ունենալու պարագայում, սահմանվում է 6.5 մլն դրամ, սահմանվում է նաև երկրորդ չափորոշիչը՝ մեկ քառ․ մ-ի առավելագույն արժեքը՝ 100 հազար դրամ։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը կարող է ավելանալ ընտանիքում երեխաների առկայությամբ պայմանավորված՝ սկսած երրորդ երեխայից՝ յուրաքանչյուրի հաշվարկով մեկ մլն դրամ։ Այսպիսով, ընտանիքն առաջնորդվելով սահմանված այս նորմատիվներով ձեռք կբերի առնվազն երկու սենյականոց բնակարան (65 քառ․ մ)։

Հաշվի առնելով նաև հանրապետությունում տարածքային համաչափ զարգացման առաջնահերթությունը՝ որոշման նախագծով նախատեսվում է, որ սոցիալական հիփոթեքից կարող է ընտանիքն օգտվել միայն ՀՀ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն բազմաթիվ ընտանիքներ դիմում են կացարանի խնդրով։ Դիմումների գերակշիռ մասը ներկայացվում է երեխա ունեցող ընտանիքների կողմից։ Այս հանգամանքն առավել է կարևորում կացարանի կարիք ունեցող ընտանիքներին աջակցելու հարցը, քանի որ դրա լուծումը կունենա նաև երկարաժամկետ ազդեցություն՝ երեխաների առողջ պայմաններում մեծացնելու հնարավորություն ընձեռելու միջոցով։

ՀՀ պետական բյուջեից ծախսը 2021թ․ համար կկազմի 500 մլն դրամ, 2022 թվականի համար 2 մլրդ դրամ, իսկ 2023թ․ և հետագա տարիների համար 4 մլրդ դրամ՝ ընդհանուր առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։ Բյուջեի ծախսը նախատեսվում է իրականացնել ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի համար հատկացված դրամական միջոցների վերաբաշխման միջոցով՝ հաշվի առնելով, որ հիմնականում այս ծրագրի շահառուները նպաստ են ստանում նաև կացարան չունենալու պատճառով»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նախատեսված է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հուլիսի 1-ից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *