Հասարակություն

Նախկին փոխվարչապետի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով դատարանի որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին:

«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, սպասենք ամսի 29-ին որոշումը կհրապարակվի, արդեն բոլորս կիմանանք: Նոր ասելու, լրացնելու բան չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանը:

Նշենք, որ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև Գևորգյանի պաշտպանական կողմը։

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին 2018-ի օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  332-րդ հոդվածի 3-րդ մասով: Մեղադրանքը հիմնված է` «Վիքիլիքս»-ի այն հրապարակման վրա, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա ճնշում է եղել: Դատավորը  բողոքել է՝ ասելով, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի կողմից ճնշում կա Սերժ Սարգսյանին օգտին որոշում կայացնելու համար: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի փոխոնցմամբ՝  վիքիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է:

Մեղադրանքը միացվել էր 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործին:

Նշենք, որ 2018 թվականի դեկտեմբերի 14-ի տեղեկություններով Գևորգյանի մեղադրանքը լրացվել էր.

Քրեական օրենսգրքի  300.1 հոդված՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը,  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *