Հասարակություն

Մարզպետների հետ խորհրդակցությանը քննարկվել է նաև մարզպետարանների օպտիմալացման հարցը

Նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը:

Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքով թեև արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նման ձևաչափով աշխատանքային հանդիպումը հնարավորություն է տալիս առավել մանրամասն քննարկել 2020թ. 1-ին կիսամյակում արձանագրված ընդհանուր խնդիրները և դրանց համակարգային լուծումները:

Օրակարգային հարցերի թվում հատկապես կարևորվել է համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների  զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքոը:

«Այս տարի հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն 44,7 մլրդ դրամ է, որից  պետության համաֆինանսավորումը՝ 24,8 մլրդ դրամ: Սա խոսում է այն մասին, որ կառավարություն-համայնք համագործակցության շրջանակում դեռ նախորդ տարիներին մեր կողմից սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ շոշափելի քայլեր են արվել, ներկայացված հայտերի առումով համայնքները ցուցաբերել են աննախադեպ ակտիվություն, ինչի արդյունքում այս տարի ունենք հաստատված 701 սուբվենցիոն ծրագիր: Համեմատության համար պետք է նշել, որ 2018 և 2019թ. միասին հաստատվել էր 618 հայտ»,- ասել է նախարար Պապիկյանը:

Նախարարը մարզպետների ուշադրությունը հրավիրել է ծրագրերի մրցութային գործընթացների կազմակերպման վրա և հորդորել հետևողական լինել մեկնարկող շինարարական աշխատանքների ընթացքի ուղղությամբ:

Անդրադարձ է արվել նաև նախորդ տարի հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հետաձգված ծրագրերին: Հանձնարարվել է կապալառուների կողմից ստանձնած պարտավորությունների և փաստացի կատարողականի հիման վրա ամփոփել ավարտական արդյունքները:

Նախարար Պապիկյանը մարզպետների հետ քննարկել է նաև 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Արձանագրվել է, որ 2020թ. 1-ին կիսամյակում հավաքագրվել է 8,2 մլրդ դրամ, ինչը 1,3 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Ցուցանիշների անկումը մեծապես պայմանավորված է եղել համավարակի տնտեսական հետևանքներով։

Խորհրդակցությանը քննարկվել է նաև մարզպետարանների օպտիմալացման հարցը: Ընդգծվել է, որ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները բխելու են մարզպետարանների գործառույթային առանձնահատկություններից և միտված են լինելու այդ գործառույթների առավել լիարժեք իրականացմանը։ Նախատեսվում է, որ մարզպետը կունենա 1 տեղակալ:

Ի թիվս վերոշարադրյալի՝ խորհրդակցության շրջանակներում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, որոնք առնչվել են շարժական սպանդանոցներին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մարզերում գրանցված վնասներին և այս համատեքստում առաջիկայում խնդիրների լուծման տարբերակներին։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *