Հասարակություն

Կյանքից հեռացել է անվանի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը (տեսանյութ)

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։  Աթոյանցը «Հայֆիլմ»-ում 30-ից ավելի ֆիլմեր է նկարել, այդ թվում՝ «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր» և «Քաոս» ֆիլմերը։

Լևոն Աթոյանցը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում։ 1951 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1951-1954 թվականներին սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում։ Ուսման ընթացքում աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում` որպես օպերատոր։ Այնուհետև, հոր հիվանդ լինելու պատճառով, վերադարձել է Թբիլիսի։

1954 թվականին աշխատել է մեքենաների վերանորոգման գործարանում` որպես արհեստավոր։ 1 տարի հետո աշխատել է Թիֆլիսի Ժողովրդական տանը։ 1955 թվականին տեղափոխվել է Հայաստան։ 1956 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես կինոօպերատոր։ 1960 թվականին և 1963 թվականին գործուղվել է «Մոսֆիլմ» կինոստուդիա` սեմինարների։ Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի։

1996-2000 թվականներին սովորել է Անանիա Շիրակացու անվան համալսարանի լրագրողական բաժնում, այնուհետև օպերատորի կուրսեր է դասավանդել Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ Որպես կինոօպերատոր` նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ։

Պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալով։ 2012 թվականին արժանացել է «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար: Պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Տեսաֆիլմը՝«Ա1+»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *