«Ոչ բանկային թալանին» նախաձեռնությունն այսօր կրկին հավաք էր անցկացնում Կենտրոնական բանկի առջև։
«Այստեղ համախմբված են մի խումբ քաղաքացիներ, ովքեր ներկայացնում են տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Ովքեր հավաքագրել են ստորագրություններ։ Եվ ովքեր ասում են՝ «Ո՛չ՝ թալանին», «Ո՛չ՝ վաշխառու վարկային կազմակերպություններին», և մեր պայքարը կոնկրետ բանկերի դեմ է, վարկային կազմակերպությունների, բանկային համակարգի դեմ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Մանուել Մանուկյանը։
Նա նշել է, որ դիմումներ են ուղարկել ԱԱԾ, Ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին, Դատախազություն՝ բարձրաձայնելով, որ բանկերը, վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում թալանում են ժողովրդին։
Իսկ Կենտրոնական բանկի մոտ հավաքվելու պատճառը, ըստ նրա, այն է, որ հենց ԿԲ-ից են ցանկանում ստանալ մի շարք հարցերի պատասխաններ՝ ի՞նչ իրավունքով են լիցենզիա տվել «Մոգո»-ին, ովքե՞ր են դրանց տնօրենները, ինչո՞ւ են լիցենզիա տվել «Վարկ», «ԳուդԿրեդիտ» վարկային կազմակերպություններին։
««Գլոբալ Կրեդիտը» տոկոսը բարձրացրել, հասցրել է մինչև 450, «Vark․am»-ը տարեկան տոկոսները սարքել է 183 %։ Եվ ժողովուրդը գերի է այս պահին։ Հայ ժողովուրդը այս կառույցի՝ Կենտրոնական բանկի ձեռքերում գերի է»,- ընդգծել է Մանուել Մանուկյանը։
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները հանդիպում են պահանջում ԿԲ նախագահի հետ։
Նշենք, որ ոստիկանները բերման են ենթարկել հավաքի մի քանի մասնակիցների, այդ թվում՝ Մանուել Մանուկյանին։ Նա կոչ է արել գալ և հավաքվել Ոստիկանության բաժանմունքի մոտ։ Հավաքի մասնակիցներից մի քանիսը կոչ են արել հավաքվել նաև վաղն առավոտյան՝ ժամը 10։00-ին։




0 Մեկնաբանություն