Հասարակություն

Ինչպե՞ս ամեն օր օգտվել տաքսուց, եթե աշխատավարձդ թույլ չի տալիս

Հանրային տրանսպորտից օգտվողները, ովքեր չունեն անձնական ավտոմեքենա, այսօրվանից աշխատանքի գնալու համար ստիպված են օգտվել միայն տաքսիներից։

Ինչպես տեղեկացվել էր, պարետի 2020թ․-ի մարտի 31-ի որոշման համաձայն՝ ապրիլի 1-ից սկսած դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը։

Պարետի որոշումը մի կողմից անհրաժեշտ է համարվում՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, մյուս կողմից էլ դժվարությունների առաջ է կանգնեցրել այն աշխատողներին, որոնց աշխատավարձը թույլ չի տալիս ամեն օր տաքսիներից օգտվել։

«Ա1+»-ի հետ զրույցում Երևանի խոշոր սուպերմարկտներից մեկի աշխատակից Ծովինարը պատմել է, թե այնպես չէ, որ միայն այսօրվանից է ստիպված տաքսի ծառայությունից օգտվել։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ուղևորների քանակը կտրուկ պակասել է, որի հետևանքով երթուղայիններն սկսեցին քիչ աշխատել։

Ծովինարը դեռ այն ժամանակ մի քանի անգամ աշխատանքի է գնացել տաքսիով։ Ամսական ստանում է մոտ 100. 000 դրամ, այսօրվանից ամեն օր աշխատանքի գնալու համար 100 դրամի փոխարեն 600 դրամ է ծախսելու։ Աշխատանքը 2 հերթափոխով է, եթե աշխատանքն ավարտում է ժամը 16։00-ին, տուն գնալու համար ևս 600 դրամ է ծախսելու։ Իսկ եթե կեսգիշերին, ապա տաքսի ծառայությունից օգտվելիս վճարի փոքր մասը կատարում է գործատուն, մնացածը՝ ինքը։

Ընդ որում՝ սահմանափակումների հետևանքով այժմ յուրաքանչյուրի համար 1 տաքսի է պատվիրվում, արդյունքում գումարը մեծացել է։ Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ տաքսի ծառայություններից օգտվող աշխատակիցների վճարները գումարվում է իրար։

Ստացված գումարի 25. 000 դրամը վճարում է գործատուն, մնացյալը բաշխվում է այդ աշխատակիցների միջև։ Ծովինարն այս ընթացքում առանց հանգստի է աշխատում։ Կարծում է, որ ստացած աշխատավարձը քչություն կանի, ու ստիպված կլինի հարազատներց գումար վերցնել։ Իհարկե, նշում է նաև, որ այս ընթացքում այլ կենցաղային ծախսեր չի կատարել, բայց ապառիկ վարկեր ունի։ Ա1+-ը հետաքրքրվել է՝ կդիմի՞ իր ղեկավարին՝ փոխհատուցման խնդրանքով, ինչին Ծովինարը նախ ժպտացել է, ապա ասել՝ կդիմեր, բայց իմանալով ղեկավարի մոտեցումը այդ հարցի շուրջ, չի դիմի։

«Ի՞նչ դիմեմ, ինչի՞ ինքը չի հասկանում, որ ծանր դրության մեջ ենք հայտնվել»,- նկատեց նա։

Աննան էլ (անունը փոխված է- հեղ․) աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Մոտ 1 շաբաթ է՝ տաքսիով է աշխատանքի գնում։

Յուրաքանչյուր ուղղության համար 1000 դրամ է վճարում։ Նրա աշխատավարձն էլ մոտ 110 .000 դրամ է։ Աննան ևս մտահոգ է, բայց նկատում է, որ այլ տարբերակ չկա։

«Ա1+»-ը դիմել է Կառավարություն՝ հասկանալու՝ կա՞ն արդեն տվյալներ, թե Հայաստանում այս պահի դրությամբ քանի մարդ է աշխատում, և իրավիճակով պայմանավորված՝ քանիսը աշխատանքի չեն գնում։ Վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանն ասել է, որ վաղ է նման տվյալներ ունենալը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *