Հասարակություն

ՀՀ փաստաբանները կփորձեն ստանալ Ադրբեջան մեկնելու թույլտվություն

ՀՀ փաստաբանների պալատը 2021թվականի հունիսի 24-ին կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետության հարցի շուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել  հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին:

Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու  անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրմանը:

Քննարկման արդյունքում, Փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին ՀՀ փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքն Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ խնդրում ենք մինչև 2021թ. հունիսի 29-ը Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացման փաստաբաններին՝ info@advocates.am  էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին:

Հայ ռազմագերիների ընտանիքի անդամներին՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում դիմել ՀՀ փաստաբանների պալատ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *