Հասարակություն

ՀՀ-ում կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր կարտադրվեն

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը առաջարկել էր Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ախտորոշիչ թեստեր արտադրելու․ կառավարությունն էլ իր հերթին համաձայնվել էր ֆինանսավորել արտադրությունը։

«Արտադրությունն ինստիտուտում հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիաների վրա, հայտնի ախտորոշիչ մեթոդիկաների վրա, որոնցով տարբեր միջազգային առողջապահական կազմակերպություններ հնարավորություն ունեն վիրուսն ախտորոշելու»,- առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը։

Տեխնոլոգիաներն իրականացնելու համար, ըստ Առաքելյանի, պետք է ձեռք բերել հումքերը և նյութերը, ուստի բանակցություններ են վարվում մի շարք արտադրողների հետ։ 

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենը նշեց, որ իրականում նյութերի առկայության կամ պաշարների պակաս չի նկատվում, սակայն ախտորոշիչ թեստերի պակասորդ կա, և կառավարությունը փորձում է լուծել իր ներքին պահանջարկի հարցը։

Ըստ Արսեն Առաքելյանի՝ թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից։

Նախաձեռնության նպատակներին անդրադառնալով՝ ինստիտուտի տնօրենն ասաց, որ ավելի մատչելի ախտորոշիչ թեստեր ստանալն է, թեստերի դեֆիցիտի պայմաններում բավարար քանակով ապահովումը, արագ արձագանքը թեստերի անհրաժեշտության դեպքում։

«Ներկայումս քննարկում ենք արտադրության նախապատրաստական և ֆինանսական, մարքեթինգային, տեխնիկական հարցերը։ Միաժամանակ ինստիտուտում իրականացվում են ենթակառուցվածքի նախապատրաստական աշխատանքներ։ Ուզում եմ նաև նշել, որ ինստիտուտն ունի մի նմանատիպ աշխատանքների մեծ փորձ և գիտական-տեխնիկական ներուժ»,- ընդգծեց գիտնականը։

 

Նշենք, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն ավելի վաղ ասել էր, որ բանակցում են եվրոպական, չինական, սինգապուրյան ու մալազիական արտադրողների հետ, որոնցից հնարավոր է ձեռք բերել եւ ներկրել թեստերի համար անհրաժեշտ նյութերը։ 

Նաև բանակցություններ են վարվում  թեստերի ավտոմատ եղանակով արտադրության համար սարքավորումներ ձեռք բերելու շուրջ։ Իսկ թեստերի արտադրման մյուս եղանակի՝ ձեռքի աշխատանքի միջոցով, ըստ Առաքելյանի, Հայաստանի լաբորատոր պարագաները բավարար են՝ արտադրանքն սկսելու համար։

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *