Հասարակություն

Հղի կնոջը մահացու վրաերթի ենթարկած ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է

Մահվան ելքով վրաերթի գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022թ. ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Երևան քաղաքի վերոնշյալ փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Նշված ավտոմեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին:

Վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցենենք՝ ոստիկանությունը  տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ին՝  ժամը 18․24-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել, որ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի կնոջ։ 
Նախնական տվյալներով՝ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել ՃՈ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ վրաերթի ենթարկված հղի կնոջն ու երեխային փրկել չի հաջողվել: «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին ասել էր, որ  կնոջը  բերել էին արդեն մահացած, իրեն բերել էին սրտի կանգով, շնչառության կանգով: «Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եվ 1,5 ժամ անց դադարեցրել ենք գործողությունները՝ ապարդյուն լինելու պատճառով», - պարզաբանել էր բժիշկը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *