Հասարակություն

Հեյդար Ալիևը կողմ է եղել եռակողմ ձևաչափով բանակցություններին. Հայ դատի հանձնախումը փաստաթուղթ է գաղտնազերծել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան գաղտնի մի փաստաթուղթ, որը մանրամասներ է ներկայացնում 1997 թվականի օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում այն ժամանակվա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:

  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում այն մասին, որ Ալիևը դեմ չի եղել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես 3-րդ բանակցող կողմ ներգրավելուն: Ալիևը մասնավորապես ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք շարունակելու ենք սա...»:

Բացի այդ, փաստաթղթում, նախագահների խոսակցության սղագրության մեջ, երևում է, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ ԼՂ խնդրում «ԱՄՆ-ը բոլորից կարևոր դերակատարում կարող է ունենալ»:

Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ Միացյալ Նահանգները շատ լրջորեն է մոտենում Մինսկի խմբում համանախագահությանը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *