Հասարակություն

Հայաստանում մեկնարկել է համապետական մաքրության օրը. շաբաթօրյակին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մարտի 23-ին Հայաստանի ողջ տարածքում համապետական շաբաթօրյակ է իրականացվում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում նախատեսվում են սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ։

Վաղ առավոտից մաքրման աշխատանքներ են սկսվել հանրապետության տարբեր հատվածներում: Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։

Շաբաթօրյակին մասնակցում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նախարարներ, պատգամավորներ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *