Հասարակություն

Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը՝ կան հավաստի ապացույցներ. Արման Թաթոյան

ՀՀ  մարդու իրավունքների պաշտպան

Արման Թաթոյանը ֆեյբուքյան էջում գրում է.

Այն, որ պատերազմից հետո Ադրբեջանը զարգացրել է թշնամանքի քաղաքանությունը, վկայում են խոշտանգման նոր ձևերը հայ գերիների նկատմամբ:

Օրինակ` մի դեպքում ադրբեջանական ծառայողները հայ զինծառայողից պահանջել են հրաժարվել քրիստոնեությունից ու ընդունել մահմեդականություն, այսինքն` կրոնափոխ լինել: Երբ հայ զինծառայողը հրաժարվել է կատարել պահանջը, այրել են նրա ոտքը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկել: Այսպիսի բան մենք դեռ երբեք չենք արձանագրել: 

Մեկ այլ դեպքում նկատել են խաչի դաջվածք և այրել են կրակայրիչով մարմնի այդ մասը, դաժան ծեծի են ենթարկել: 

Ում մոտ եղել է խաչ, այն կա´մ վերցրել են, կա´մ ոչնչացրել: Երբ մեր գերիները պահանջել են վերադարձնել խաչերը, դաժան ծեծի ու ծաղրի են ենթարկվել: Ծաղրել են կրոնը:

Այս դեպքերն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորության ու թշնամանքի քաղաքականության ուղիղ հետևանքն են: 

Ապացույց են առ այն, որ պատերազմից հետո այս քաղաքականությունը միայն ամրացել է ու որքան խորն է արմատներով:

Ավելին, շեշտադրումներն են անգամ փոխվել. բացի էթնիկականից, այսինքն` հայ լինելուց, ներառում են նաև կրոնական պատկանելիությունը:

Հ.Գ. Այս դեպքերն արձանագրվել են Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջին արտահերթ զեկույցից հետո: 

Հատուկ զգուշացնում եմ բոլոր նրանց, ում մտքով կանցնի հերքել այս հրապարակումը, որ առկա են հավաստի օբյեկտիվ ապացույցներ, որոնք, սակայն, մարդկանց չթիրախավորելու համար չեմ հանրայնացնում: Այս հրապարակումն էլ անում եմ նրա համար, որ թե´ մեր, թե´ միջազգային հանրությունը տեղյակ լինի, թե իրական վիճակը որն է և իրավունքների ինչ խախտումներ են տեղի ունենում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *