Հասարակություն

Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30-ամյա պացիենտ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող է. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

 Մարտի 30-ին հրավիրվել է կառավարության արահերթ նիստ՝ քննարկելու և ընդունելու հակաճգնաժամային ևս 3 փաթեթներ:

Արտահերթ նիստի մեկնարկին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է նոր կորոնավիրուսով պայմանավորված առկա իրավիճակը:

Նախարարը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ կա 482 հաստատված դեպք, որից 58-ը՝ վերջին 1  օրում: 

58-ից 25-ը եղել են ի սկզբանե կարանտինում, այսինքն՝ շփման շրջանակ չեն ունեցել,-նշեց նախարարը: Նրա փոխանցմամբ՝  31-ը, որոնց մեջ կան նաև բուժաշխատողներ, ևս ի սկզբանե եղել են կասկածելի գոտում, միայն 2-ն են, որ արտերկրից բերովի դեպքեր են, և նրանց շփման շրջանակը պարզվում է:

Նախարարը հայտնեց, որ այս  պահին ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք, սակայն ծայրահեղ ծանրի մոտ դրական փոփոխություն է նկատվում, ևս 2 ծանր հիվանդների վիճակը բարելավվում է:

Վարչապետը հետաքրքվել է՝ արդյո՞ք 14 ծանր հիվանդների պարագայում կարելի՞ է որոշակի կանխատեսումներ անել, Թորոսյանն ասել է, որ մեր երկրում ամեն կոնկրետ դեպքն անհատական է. «ունենք նաև երիտասարդ հիվանդ, ով ծանր է այս պահին, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել և կապաքինվի: Ամեն կոնկրետ պացիենտի քրոնիկական հիվանդություններն են հիմնականում որոշում ելքը, որովհետև առանց քրոնիկական հիվանդությունների՝ պացիենտները նույնիսկ չեն հասնում ռեանիմացիոն ծառայության»:

Նախարարը տեղեկացրել է, որ երիտասարդ քաղաքացին ուշ է դիմել բժշկական օգնության, այդ պատճառով է նրա վիճակը այս պահին գնահատվոմ ծանր:

Վարչապետը ցավակցություն է հայտնել մահացածների ընտանիքներին և հարազատներին:

Հավելենք, որ վերջին օրերին մահացած 2 պացիենտներն էլ ունեցել են շատ ծանր քրոնիկական հիվանդություններ:

«Նրանցից 1-ն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային գերճնշում, 2-դը՝ նույնպես սրտի իշեմիկ հիվանդություն և զարկերակային հիպերտոնիա, սրտամկանի ինֆարկտից և ինսուլտից հետո առաջացած հետևանքներ: Հատկապես այս կարգի  քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք, որպեսզի նրանք հանկարծ չվարակվեն, որվհետև շատ մեծ ռիսկի դաշտում են հայտնվում։ Կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին առանձնակի ուշադիր լինել այս խմբի մեր հայրենակիցների նկատմամբ, պահպանել մեկուսացման ռեժիմը»:

Վարչապետը նաև հետաքրքրվել է՝ ինչպիսի՞ն է հիվանդության հետ կապված դրական դինամիկան։ Նախարարն ասել է, որ 250 քաղաքացի արդեն դուրս է  եկել մեկուսացումից:

Հայտնել է, որ մոտ օրերս էլի կունեն բուժված քաղաքացիներ՝ բացի արդեն հայտնի 30 դեպքից:

Առանց սիմպտոմների պացիենտները պահվում են ոչ թե հիվադանոցում այլ, հյուրանոցներում, -հայտնել է վարչապետը՝ ընդգծելով, որ նրանք ոչ մի բժշկական միջամտության կարիք չունեն:

Վարչապետը հետաքրքրվել է նաև մահացության դեպքերի երիտասարդացման լուրերի մասին, ինչին ի պատասխան Թորոսյանն ասել է, որ ուսումնասիրել են: Վիճակագրությունը տարբեր է, հիմնականում կապված է երկրի բնակչության կենսակերպից.

«Օրինակ՝ եթե մենք օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է: Նույն մեր հարևաններից մեկի մասին կար նման տվյալներ, իհարկե, չճշտված, երբ ասում էին, որ արհեստական օդափոխման սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր անձինք, պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը»,-նշել է Թորոսյանը: 

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել է, որ մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության՝ վերստուգումից հետո:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է հեռավար կրթությանը, վստահեցրել՝ հեռավար կրթության վերաբերյալ հիմնականում դրական արձագանքներ են ստանում, ինչն ուսուցիչների մեծ մասնակցության արդյունք է:

«Իհարկե, ունենք մի խնդիր՝ կապված  սարքերի և ինտերնետ կապի հասանելիության հետ, մենք փորձում ենք հընթացս այս հարցին լուծում տալ: Մի նախաձեռնություն ենք իրականացնում, որով հավաքում ենք համակարգիչներ, հիմնականում խոսել ենք միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: Մոտ 24.000 աշակերտների պարագայում ունենք խնդիր՝ սարքերի հետ կապված»:

Նախարարը շեշտել է նաև, որ բուհերը ևս շատ արդյունավետ օգտագործում են հեռավար կրթությունը:

Վարչապետը նկատել է, որ այս փորձը կօգնի մեզ հետագայում նաև հեռավոր գյուղերում հեռավար կրթությունը զարգացնելու նպատակին հասնելու գործում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *