Հասարակություն

Ընտրակաշառք բաժանելու և ստանալու համար մեղադրանք՝ ևս 8 անձի

ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի:

Մասնավորապես` նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս Գավառի տարածաշրջանի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ս. Զ.-ն, հանդիսանալով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար, նույն գրասենյակի ղեկավարի հետ, համաձայն նախապես կազմված ցուցակի, 2021թ. հունիսի 9-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի մի շարք ընտրողների տվել է 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Եվս 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով` սննդամթերքի տեսքով ընտրակաշառք ստանալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բացի այդ, նախաքննության ընթացքում բացահայտվել են ընտրակաշառք բաժանելու և ստանալու այլ դեպքեր: Մասնավորապես` կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են կուսակցության ներկայացուցիչների կողմից նախապես կազմված այն ընտրողների ցուցակները, որոնց 2021թ. հունիսի 9-ին  սննդամթերքի տեսքով ընտրակաշառք է բաժանվել: Ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ հարցաքննվել են հիշյալ հանգամանքների շուրջ և հաստատել կուսակցության օգտին քվեարկելու համար 7000-ական ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերք ստանալու հանգամանքը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիշյալ քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի, որի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Այսպիսով, վերը նշված քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *