Հասարակություն

Բժշկական կենտրոններում այսուհետ նախարարության ներկայացուցիչներ կլինեն

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում այսուհետ նախարարության ներկայացուցիչներ կլինեն։ 

«Ա1+»-ի հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որպեսզի 2 ամսվա ընթացքում նախարարության ներկայացուցիչները կլինեն բժշկական կենտրոններում և կարձանագրեն առկա խնդիրները։

«Խոսքը վերաբերում է այն բժշկական կենտրոններին ու կազմակերպություններին, որոնք պետությունից 1 մլրդ և ավելի դրամի պետպատվեր են ստացել։ Կարծում եմ՝ սա քաղաքացիների համար շատ լավ տարբերակ է, որովհետև նրանք այսուհետ հրատապ հարցերի դեպքում  չեն փորձի թեժ գիծ զանգահարել, այլ տեղում կկարողանան ներկայացուցիչներին հայտնել խնդիրները և լուծումներ գտնել»,- նշեց Ալինա Նիկողոսյանը։ 

Խոսնակի խոսքով՝ ծրագիրը դեռ փորձնական է։ Ներկայացուցիչները լինելու են բացառապես նախարարության աշխատակիցները։ Դա լինելու է նրանց ամենօրյա աշխատանքը։

«Այնպես չէ, որ սա ռեսուրսի վատնում է, ճիշտ հակառակը՝ սա կօգնի մեր աշխատանքում ավելի ամրանալ»,-ասաց Ալինա Նիկողոսյանը։

Առաջին ներկայացուցիչը Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն է, նա այսօր Արմենիա ԲԿ-ում է։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *