Հասարակություն

Այսօր լրացավ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան 2-րդ տարին

Այսօր լրանում է «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան երկրորդ տարելիցը:

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան 07։00-ի սահմաններում Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը եւ սնունդ էր հասցրել այն գրաված եւ արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռերին» խմբի անդամներին։ Նույն օրը «Հիմնադիր խորհրդարանը» տարածեց «Սասնա Ծռերի» հայտարարությունը․ «Ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար, Արթուրը ոչ մի վնասվածք չի ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ է հասցրել»։

2016 թվականի հուլիսի 31-ին «Սասնա Ծռերի» կողմից զենքը վայր դնելուց եւ իրավապահներին հանձնվելուց հետո, Արթուր Սարգսյանը կալանավորվեց եւ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը)։

Ապա օգոստոսի 5-ին վերաորակավորվեց Արթուր Սարգսյանի մեղադրանքը, եւ նա մեղադրվեց զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ։

Դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանը ազատվեց կալանքից, բայց արդեն 2017-ի փետրվարի 9-ին կրկին ձերբակալվեց`փետրվարի 3-ին քննչական մարմին չներկայանալու մեղադրանքով։ Այս ձերբակալման առաջին օրվանից Արթուր Սարգսյանն անժամկետ հացադուլ հայտարարեց։ Այդ ընթացքում Երեւանում տեղի ունեցան նրա ազատության պահանջով բողոքի մի շարք ցույցեր եւ երթեր։ Սակայն ապարդյուն․ քսան օրից ավելի հացադուլ անելու հետեւանքով Արթուր Սարգսյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ եւ, ըստ էության, պատճառ դարձավ մահվան։ Այդպես էին պնդում նաեւ Հաց բերողի փաստաբանները։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *