Հասարակություն

Այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք. պարզաբանում է Շրջակա միջավայրի նախարարը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասնել է "Արևիկ" ազգային պարկի հրդեհի հետ կապված իրավիճակը.

«Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք։

Տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։ 

Չնայած տեղանքի բարդությանը՝ նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն

Հ.Գ. Ըստ նախնական վարկածի հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»։

Հիշեցնենք, ավելի վաղ լրագրող Նարինե Կիրակոսյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրել հրդեհի մասին.«Այս պահին մոտ 10 հեկտար գիհու անտառներ են վառվում Մեղրու տարածաշրջանի "Արևիկ" ազգային պարկի տարածքում։ Կրակը բռնվել է ճանապարհի եզրից։ Հավանական է ինչ-որ մեկը չհանգած ծխախոտ նետած լինի և դրանից հրդեհը բռնկված լիներ։ Սա նախնական վարկածն է։ Կրակը շատ արագ է առաջ գնում։ Վառվում են 2-3 մետրանոց գիհիներ։ 

Դրանք մոտ 300-400 տարեկան կարող են լինել։ Գիհիները իրենց խեժային կառուցվածքով դյուրավառ են։ 

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունն էլ տեղեկացրել էր, որ  Օգոստոսի 11-ին, ժամը 16:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ: 16:50-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ՝ 9 հրշեջ-փրկարարով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Արևիկ» ազգային պարկի 5 աշխատակիցներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *