Հասարակություն

Արտգործնախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային մասի լարվածությամբ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրատվամիջոցներին պարզաբանումներ է ներկայացրել  հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման վերաբերյալ: Հարցին, որ վերջին շրջանում նկատվում է սահմանային իրադրության լարում, ինչպիսի՞ն է իրադրությունը, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում դրա հանդարտեցման ուղղությամբ, մամուլի խոսնակը պատասխանել է. ” Արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում է իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քայլերը։ Վերջին միջադեպերի ընթացքում զոհվել է ՀՀ ԶՈւ 1 և վիրավորվել 3 զինծառայող: ԱԳ նախարարությունը խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին, և արագ ապաքինում մաղթում վիրավոր զինծառայողներին: 

ՀՀ ԱԳՆ մշտական համակարգման մեջ է ՊՆ-ի հետ: Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից:

ԱԳՆ առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարևոր մասն է": 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *