Հասարակություն

Առաջարկվում է հրաժարվել հաշմանդամության ճանաչման պարագայում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու դրույթից. նախագիծ

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ եմ նախաձեռնել
Աշխատանքային օրենսգիրքը մի կողմից արգելում է խտրականությունը հաշմանդամության հիմքով, մյուս կողմից սահմանում է, որ աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը: Այստեղ գործ ունենք իրար հակասող նորմերի հետ: Բացի այդ հաշմանդամությունը նույնացվում է անաշխատունակության հետ, ինչը գործնականում այդպես չէ: Ավելին, հաշմանդամություն ունեցող անձինք կարող են լիարժեք աշխատել հատկապես խելամիտ հարմարեցումների* տրամադրման և աշխատատեղի հարմարեցման պարագայում:
Օրենսդրական նախագծով առաջարկում եմ՝
✅հրաժարվել հաշմանդամության ճանաչման պարագայում աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու դրույթից,
✅սահմանել, որ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով,
✅որպես խտրականություն սահմանել աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ չտրամադրելը:
Ինչ վերաբերում է խելամիտ հարմարեցումներին, ապա դրա տրամադրման հիմքերը սահմանված են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունիսի 4-ին: Ըստ այդ կարգավորման աշխատավայրում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի հետ երկխոսության միջոցով:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *