Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2020թ․ապրիլ ամսին 2019թ․ ապրիլի համեմատ գրանցել է երկնիշ՝ 17,2 % անկում։ Նման անկում չէր գրանցվել 2009թ․ ճգնաժամից հետո, երբ տարվա կտրվածքով ՀՀ տնտեսությունը նվազեց մոտ 14 %-ով։ Եվ այս ամսվա տվյալը կորոնավիրուսի համաճարակի խոշոր բացասական ազդեցության առաջին պաշտոնական ցուցանիշն էր, որն այսօր հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Ընդ որում ապրիլին խոշոր անկումներ են գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում՝ առանց բացառության։
Հիշեցնենք, որ հենց ապրիլ ամսին է եղել արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական ճյուղերի աշխատանքի համատարած դադարեցումը։ Արտակարգ դրությունը սահմանվեց մարտի 16-ին, և նախորդող 15 օրերի աշխատանքը հնարավորություն տվեց, որ այդ ամիս անկումը մեծ չլինի։ Ավելին՝ եռամսյակային տվյալներով անգամ 4 % աճ գրանցվեց։ Իսկ արդեն հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունն ունեցել է 1,7 % անկում։
Ներկայացնելով տնտեսության տարբեր ճյուղերում տեղի ունեցած զարգացումները՝ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ առաջին 4 ամիսներին ամենամեծ՝ 11,9 % անկումը գրանցվել է շինարարության ոլորտում։ Իսկ միայն ապրիլ ամսին 2019թ․ ապրիլի համեմատ այս ոլորտն ունեցել է աննախադեպ չափերի՝ 50,6 % անկում։ Հաջորդը արտաքին առևտուրն է՝ 4 ամիսների կտրվածքով՝ 10,4 տոկոս անկում, միայն ապրիլին՝ 28,4 %։
Չորս ամիսների կտրվածքով հաջորդ խոշոր՝ 8,6 % անկումը եղել է առևտրի շրջանառության ոլորտում։ Միայն ապրիլին՝ մոտ 33 % անկում։ Ծառայությունների ոլորտում՝ 15,9 % անկում։ Վիճակագրական կոմիտեն ապրիլին անկում է գրանցել նաև արդյունաբերության ոլորտում՝ 8,6 %։
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ մարտ ամսից հետո ՀՀ տնտեսությունը հայտնվել է ազատ անկման ռեժիմում, ինչը կարող է շարունակվել նաև հետագա ամիսներին, քանի որ աշխատանքների մեկ ամսվա դադարից հետո հնարավոր չէ միանգամից վերագործարկվել։ Հատկապես որ աշխատավարձ չստանալու կամ ավելի քիչ ստանալու, արտերկրից մասնավոր տրանսֆերտ չստանալու, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերությունները նվազեցնելու իրողությունները շարունակվում են ու ճնշում են տնտեսությանը։
Հիշեցնենք նաև, որ համաճարակի ազդեցության պատճառով ապրիլ ամսին երբ կառավարությունը Ազգային ժողովի միջոցով փոփոխություն կատարեց Բյուջեի մասին օրենքում, ՀՀ տնտեսական աճի կանխատեսվող 4,9 % ցուցանիշը կրկնակի նվազեցրեց մինչև 2 % անկման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում անգամ լավատեսություն է հայտնել, որ տարվա կտրվածքով թեև ցածր, բայց միգուցե դրական ցուցանիշ ունենանք։ Մինչդեռ ապրիլին գրանցված 17,2 % անկումը ցույց է տալիս մեր իշխանությունները բավական լավատես են։ Անկումը լինելու է շատ ավելի մեծ, ու կառավարությունը հավանաբար ստիպված է լինելու ևս մեկ անգամ փոխել իր կանխատեսումը։
Հավելենք, որ ապրիլի տվյալները չի հրապարակել Պետեկամուտների կոմիտեն, որպեսզի հասկանալի լինի, թե տնտեսական այս խոշոր անկումը որքան է նվազեցրել եկամուտների հավաքագրումը։




0 Մեկնաբանություն