Հասարակություն

«Անանուն աղբյուր»-ի փոխարեն նոր նախագծում կկիրառվի «չնույնականացված աղբյուր» տերմինը

Ազգային ժողովում այսօր քննարկվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: Քննարկմանը հրավիրվել էին ՄԻՊ Արման Թաթոյանն ու կառույցի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Նախագծի համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով օրենքում նախատեսվող փոփոխությունները, նշեց դրանք կատարելու շարժառիթը. «Արգելվելու է  լրատվամիջոցներին տեղեկություն հրապարակելուց հղում տալ անանուն աղբյուրների: Չգովազդել անհայտ ծագում ունեցող լրատվամիջոցներին, ստուգել տեղեկատվությունը մատուցելուց առաջ»:

Ըստ Արման Թաթոյանի՝ մասնագետների կողմից թյուրըմբռնման տեղիք է տվել «անանուն աղբյուր» տերմինը: Այն ասոցացվում է լրագրողի՝ աղբյուրը չբացահայտելու հայտնի դրույթի հետ. թերի է նաեւ ներկայացված նախագծի հիմնավորումը: Այն չի բացահայտում իրական նպատակները եւ սխալ ըմբռնման պատճառ է հանդիսացել:

Պատգամավորները պնդեցին, որ փոփոխությունը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրներին չի վերաբերում եւ ընդունելով Թաթոյանի դիտարկումը՝ «անանուն աղբյուր» տերմինը կփոխարինեն «չնույնականացված աղբյուր» տերմինով: Նրանք ընդգծեցին, որ նախագծում չի  լինի դրույթ, որը կսահմանափակի խոսքի ազատությունը:

ՄԻՊ-ը նաեւ նշեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող տուգանքները չեն նախատեսում անհատական մոտեցման հնարավորություն եւ կարող են հանգեցնել լրագրողի գործունեության նկատմամբ անհամաչափ միջամտության:

ՄԻՊ-ի հետ աշխատանքային քննարկումները  կշարունակվեն. նախատեսվում են նաեւ հանրային լսումներ: 

Այս մասին հայտնում են ԱԺ մամլո ծառայությունից։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *