Հասարակություն

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը արտահերթ նիստ է հրավիրել. արդյունքները կզեկուցվեն Փաշինյանին

Օգոստոսի 11-ին, ժամը 21:00-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրավիրել է օպերատիվ աշխատանքային խմբի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի առիթ է հանդիսացել Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում՝ Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին հարակից անտառում բռնկված խոշոր հրդեհը:

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է բուսածածկ տարածք՝ եղևնու և գիհու անտառ, որը գտնվում է խիստ կտրտված և անմատչելի տեղանքում: Հրդեհն ընդգրկել է ընդհանուր 2 կմ ճակատային լայնություն և 1,5 կմ երկարություն, եղել է նաև տարածման վտանգ: 

Կրակի տարածման դեմ պայքարում հրշեջ-փրկարարներին են միացել նաև "Արևիկ" ազգային պարկի աշխատակիցները:

Օպերատիվ շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը աշխատանքային խմբի անդամների ուշադրությունը հրավիրել է 2 հանգամանքի վրա. նախապատրաստական աշխատանք, ուժերի համախմբում, ապա հրդեհաշիջման իրականացում: "Պետք է գործի դրվի մարդկային ներուժը, դեպքի վայրում կենտրոնացվի անհրաժեշտ տեխնիկա և գործիքներ",- ասել է Ցոլակյանը:

Օպերատիվ աշխատանքային խումբը՝ իրավիճակի վերլուծության և մասնագիտական քննարկման արդյունքում, պլանավորել է ըստ գերատեսչությունների կատարվելիք աշխատանքները: Քննարկման ընթացքում հատկապես ընդգծվել է ծանր տեխնիկայի աշխատանքի անհրաժեշտությունը, որի միջոցով պետք է սահմանազատել հրդեհի օջախները և կանխել դրանց տարածումը: Պետք է ունենալ ջրի բավարար պաշար՝ տեղանքի դժվարամատչելիության պատճառով, հրշեջ-փրկարարական մեքենաների օգտագործման անհնարինության դեպքում, ջրի սրսկիչներով հրդեհաշիջում իրականացնելու համար: Հրդեհի տարածման ուղղությունները և մասշտաբները հսկողության տակ պահելու համար իրականացվելու է նաև օդային հետախուզում:

Օպերատիվ աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը խմբի անդամներին հանձնարարել է օպերատիվ կապ պահել տեղում աշխատանքները համակարգող, օպերատիվ շտաբի քարտուղար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի հետ: Հրդեհի տարածքում, բջջային և ինտերնետային կապի հաճախակի խափանումներով պայմանավորված, մշտական կապ ունենալու համար, նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ ԱԻՆ կապի մեքենան ուղարկվել է հրդեհի գոտի:

ԱԻ նախարարի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության վիճակի:

Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը հայտնել է, որ քննարկման արդյունքները զեկուցելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով, որը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ըստ անհրաժեշտության մարզպետների տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *