Հասարակություն

19 տարի առաջ զորամասում սպանված զինվորի մայրը հաղթել է Եվրոդատարանում (տեսանյութ)

19  տարի առաջ Վայքի զորամասերից մեկում սպանված 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի գործով  Եվրոդատարանը որոշում է հրապարակել: Դատարան դիմել էր զինծառայողի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը։

Եվրոդատարանի վճիռն ընդդեմ Հայաստանի Հանրապետության է՝ խախտվել է նրա որդու կյանքի իրավունքը, որի համար դիմումատուին կառավարությունը պետք է վճարի 24.000 եվրո՝ ոչ նյութական վնասի և ևս 2000 եվրո՝ ծախսերի փոխհատուցման համար։

  Հիշեցնենք՝ Արայիկ Ավետիսյանն սպանվել էր  բանակ զորակոչվելուց ընդամենը 1 տարի անց՝ հրազենային մահացու վիրավորումից։ Մեղադրանք էր առաջադրվել մի զինծառայողի՝  անզգուշությամբ կատարված սպանության համար՝ հրազեն գործելու կանոնները խախտելու արդյունքում: Անահիտ Մկրտչյանը  բազմիցս հայտարարել է, որ սպանությունը բացահայտված չէ։ 

Ըստ նրա՝ իր որդուն դիտավորյալ սպանել է գումարտակի հրամանատարը՝ շահադիտական նպատակներով, այն բանի համար, որ մի քանի օրով տուն արձակուրդ գալու համար հրամանատարին խոստացված 100 ԱՄՆ դոլարը չի տարել: Արայիկը սպանվել էր արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո։

Գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանն այս գործով   մեղադրվել է պաշտոնական դիրքի չարաշահման և զինվորներին ծեծելու համար, ազատազրկվել  2 տարի ու ազատ արձակվել: «Սակայն անհրաժեշտ էր, որ նա սպանության գործով դատվեր»,- «Ա1+»-ին քանիցս ասել էր տիկին Անահիտը:

 Հիշեցնենք՝ Անահիտ Մկրտչյանը մեկն է այն սևազգեստ մայրերից, ովքեր ամեն հինգշաբթի բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով որդիների մահվան հանգամանքների  իրական բացահայտում։

 Տեսանյութը՝ Ա1+-ի արխիվից:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *