Հասարակություն

100.000 դրամ միանվագ նպաստ այն հղի կանանց, որոնց ամուսինները կորցրել են աշխատանքը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառմամբ նախատեսվում է աջակցություն տրամադրել այն հղի կանանց, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ`  չունեն աշխատանք, և ում ամուսինը ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում: Այս մասին Կառավարության արտահերթ նիստում հայտնեց Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նա տեղեկացրեց, որ աջակցությունը տրմադրվելու է միանվագ նպաստի ձևով՝ 100 հազար դրամի չափով:

Միայնակ հղի կանանց պարագայում աջակցությունը չի գործում, որովհետև նշված է՝ այն դեպքում, երբ ամուսինը ազատվել է աշխատանքից․ վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Զարուհի Բաթոյանը:

Վարչապետը պնդեց, սակայն, որ ճիշտ կլինի ավելացնել նաև միայնակ հղի կանանց աջակցություն տրամադրելու դրույթը, որովհետև հնարավոր է, որ, օրինակ, հղի կինը դառնա միայնակ՝ ամուսնու հետ պատահած դժբախտ դեպքի հետևանքով:

ՄԻՊ Արման Թաթոյանը ևս պնդեց, որ անհրաժեշտ է ավելացնել նաև այդ դրույթը, որովհետև մեկուսացման հետևանքով ընտանիքներում բռնության դեպքերն ավելացել  են, ինչը ենթադրում է, որ այս ընթացքում հղի կինը հնարավոր է՝ առանձնանա ամուսնուց և դառնա միայնակ հղի կին:

Վաչապետը համաձայն չէր,  ասաց, որ այդպիսի շեշտադրում պետք չէ անել, քանի որ սա կարող է որոշակի չարաշահումերի տեղիք տալ, այսինքն՝ կարող են ձևական բաներ լինել, որոնք բերեն խնդիրների:

Նախագիծն ընդունվեց Կառավարության անդամների կողմից:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 30-ին, արտահերթ նիստ անցկացրեց, որտեղ ընդունվեցին հակաճգնաժամային ևս 3 փաթեթներ:

Մարտի 26-ի հերթական նիստում կառավարությունը քննարկել և ընդունել էր ճգնաժամային իրավիճակում գործադրվելիք 5 փաթեթներ:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *