ՌԵՖՈՐՄացիա

Զբաղվածության ծրագրերի իրագործման հիմնական խոչընդոտը մարզում աշխատատեղերի բացակայությունն է

Անուշ Առաքելյանը ժամանակին օգտվել է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրման» պետական ծրագրից: Հուշանվերների փոքրիկ արտադրություն է հիմնել: Գոհ է: Ասում է, որ այն մեծ օժանդակություն է սկսնակ ձեռներեցներին, թեև որոշակի բացթողումներ էլ ունի: Զբաղվածության Վանաձորի տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի խոսքով՝ աշխատաշուկայում անմրցունակ համարվող 10-յակից ավելի խմբերի համար իրականացվող զբաղվածության նախկին 12 ծրագրի փոխարեն, Վանաձորում ներկայում իրականացվում է 5-ը: Մյուս ծրագրերի մասով սպասում են կառավարության հաստատմանը: Դեռ 2017-ի նոյեմբերի 6-ին ԱԺ առողջապահության և սոցիալական, ինչպես նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սոցապ նախկին նախարար Արտեմ Ասատրյանը, ներկայացրել էր 2018թ.-ին պետական բյուջեի նախագծով նախատեսված սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը: Նա, մասնավորապես, անդրադարձել էր այն հանգամանքին, որ այս տարի սոցիալական ոլորտի մի շարք ենթաոլորտներում զգալի փոփոխություններ են նախատեսված՝ ուղղված քաղաքացու կյանքի որակի բարելավմանը: Ըստ այդմ՝ խոստումնալից էին նաև զբաղվածության ենթաոլորտի փոփոխությունները: Մի շարք նոր ծրագրերի մեկնարկով էապես պիտի մեղմվեր գործազրկության պատկերը հանրապետությունում: Մինչ այդ, անդրադառնանք 2018-ի գործազրկության պաշտոնական վիճակագրությանը: Համաձայն Ազգային վիճակագարկան ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած ՀՀ Զբաղվածության պետական գործակալության աշխատուժի առաջարկի, 2018թ.-ի մարտին մեր երկրում աշխատանք փնտրողների թիվը 83.511 –ն էր, որոնցից 9333-ը՝ Լոռու մարզում: Համեմատության համար նշենք, որ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աշխատանք փնտրողները 72,571-ն էին, որոնցից մեր մարզում՝ 8194-ը: Լոռու մարզի 9333 քաղաքացիներից գործազուրկի կարգավիճակ ունեն 8898-ը, 2017-ին՝ մարզում նման կարգավիճակով էին 7892 քաղաքացիներ: Թվերն ինքնին խոսում են ոչ զբաղվածության օգտին: Հանրապետության 3-րդ քաղաքի զբաղվածության վիճակը ներկայացնելով՝ Արա Առաքելյանն ասում է, որ Վանաձորում թվերի չնչին նվազում է նկատվում: Զբաղվածության պետական ծրագրերն, ինչ խոսք, որքան խրախուսող, այնքան էլ պարտավորեցնող են գործատուների համար, -ասում է Արա Առաքելյանը, որոնք անպայմանորեն պետք է հաշվի առնել, մինչ որևէ ծրագրում ընդգրկվելը: Ծրագրերի արդյունավետությունը պարզելու նպատակով ստուգումները պարբերաբար են լինելու,-ասում է ՀՀ սոցապ նախարար Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով կառավարության կողմից ծրագրերի հաստատման դանդաղումը պայմանավորված էր երկրում տեղի ունեցած ներքաղաքական նոր իրողություններով: «Զբաղվածության պետական ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ տանում ենք, նաև մոնիթորինգի ենթարկում ընթացիկ ծրագրերը», - ասում է Արա Առաքելյանը՝ թերթելով կենտրոնի ֆեյսբուքյան էջը: «Գործատուներ և աշխատանք փնտրողներ» խմբի միջոցով էլ փորձում են սշփամ հնարավորություն ստեղծել 2 կողմերի միջև: Պարբերական են հանդիպումները տարբեր հաստատություններում, ամեն տարի գործատուների հետ համագործակցության միամսյակ են հայտարարում ու աշխատանքի տոնավաճառներ անցկացնում: Զբաղվածության ծրագրերի մեծ ծավալով իրականացմանը, ըստ Արա Առաքելյանի, հիմնականում խոչընդոտում է մարզերում աշխատատեղերի բացակայությունը: Հուսադրողը, թերևս, այն է, որ մի քանի ծրագրերի գծով լավ ցուցանիշներ ունեն: Տեսանյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ կառավարությունն, ի վերջո, հաստատել է զբաղվածության ծրագրերի ցանկը: Նախատեսվող նոր ծրագրերից Վանաձորում ևս կիրականացվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ աշխատանքի վերադառնալու դեպքում դայակի աշխատավարձի փոխհատուցման ծրագիրը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *