ՌԵՖՈՐՄացիա

«Դեպք վարողը պետք է ունենա մասնագիտական կրթություն»,-վստահեցնում են ոլորտի մասնագետները:

Լիլիթ Անդրիասյանը ՎՊՀ «Սոցիալական աշխատանք »բաժնի ավարտական կուրսի ուսանողուհի է: Ապագա սոցիալական աշխատող է: Պրակտիկան Վանաձորի մանկատանն է անցկացնում: Փորձում է հոգեբանական թեստի միջոցով հասկանալ փոքրիկ Սյուզիի հոգեվիճակն ու ըստ այդմ՝ նրա հետ աշխատելու մեթոդները: Լիլիթն ասում է, որ սոցիալական աշխատողը պիտի նաև շատ լավ հոգեբան լինի՝ քաղաքացու կարիքները հնարավորինս ճիշտ բացահայտելու և գնահատելու համար: Սոցիալական ոլորտում ընթացող փոփոխություններին տեղեկացված է: Հատկապես կարևորում է դեպքի վարումն ու խնամատար ընտանիքի կայացումը: Մասնագիտությամբ աշխատելու մեծ ցանկություն ունի: Ասում է, որ պետական կառույցում աշխատանքի հնարավորություն ունենալու դեպքում շատ հետաքրքրված է սոցիալական դեպքի վարումով: Դեպք վարողը պիտի լուրջ մասնագիտական հմտություններ ունենա: Լիլիթի կարծիքով՝ սոցծառայության տեսուչների համար դժվար կլինի նոր գործառույթներին հարմարվելը: «Սոցիալական դեպքի վարումը մեր աշխատանքն ավելի ժամանակատար է դարձրել»,-խոսելով նոր գործառույթների մասին՝ ասում է Սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Աստղիկ Բալյանը, ով այսուհետ նաև համատեղելու է աշխատանքը դեպք վարողի կարգավիճակում: «Վարչարարությանը սովոր տեսուչների համար հեշտ չի լինելու դեպքի վարման առանձնահատկությունները յուրացնելը՝ անկախ շարունակական վերապատրաստումներից: Կարևորը՝ մտածելակերպի փոփոխությունն է՝ վարչարարությունից անցումը ընտանիքի հետ անմիջական ու բազմաշերտ շփման»,- մտահոգությամբ կիսվում է Լեռնուհի Գևորգյանը, ով մշտական ու անմիջական շփումների մեջ է դեպք վարողների հետ: Սոցիալական դեպքի ճիշտ ու մասնագիտական վարման հետ կապված Լեռնուհի Գևորգյանը այլընտրանք է տեսնում ԲՈւՀ-երի «Սոցիալական աշխատանք» բաժնի շրջանավարտներին, ովքեր համապատասխան մասնագիտական կրթություն և պատրաստվածություն ունեն: Ասում է, որ նրանցից շատերին այսօր արդեն կարելի է պատասխանատու գործեր վստահել: Այս տարի ՎՊՀ «Սոցիալական աշխատանք» բաժինը կթողարկի 11 շրջանավարտների: Թե նրանցից քանի՞սը կհամալրեն դեպք վարողների շարքերը՝ պարզ կլինի ժամանակի ընթացքում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *