ՌԵՖՈՐՄացիա

Աշխատանքային գրքույկների թվայնացումը՝ կենսաթոշակային իրավունքի լիարժեք իրացման երաշխիք

Ամեն օր տասնյակ աշխատանքային գրքույկներ են համադրվում՝ սկանավորված տարբերակների հետ՝ որևէ բացթողում թույլ չտալու նպատակով: Ցանկացած վրիպակ արձանագրվելու դեպքում՝ շտկվում է անմիջապես: Մելինե Մանուկյանը գործընկերների հետ հատ -հատ են ստուգում թվայնացված գրքույկները: Հետագայում դրանք կմեղտեղվեն ու կամբողջացվեն միասնական տեղեկատվական բազայում: 2017թ.-ի հունվարի 1-ից աշխատանքային գրքույկները դուրս են եկել գործածությունից: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը ձեռնամուխ է եղել գրքույկների թվայնացմանը,- ասում է Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի տարածքային բաժնի գխավոր մասնագետ Մելինե Մանուկյանը: Այժմ պայմանավորված՝ համադրման աշխատանքներով՝ ժամանակավորապես դադարեցվել է գրքույկների հավաքագրումը: Աշխատանքային գրքույկների թվայնացման նպատակը քաղաքացիների աշխատանքային կարգավիճակը, աշխատանքային ստաժի վերաբերյալ ողջ տեղեկությունը թափանցիկ ու տեսանելի դարձնելն է: Տեղեկատվական բազաներում տվյալների առկայությունը թույլ է տալիս հրաժարվել այսպես ասած՝ թղթային փաստաթղթերից ու իրականացնել տեղեկատվության փոխանակում՝ էլեկտրոնային տարբերակով: Թվայնացված աշխատանքային գրքույկները՝ միասնական տեղեկատվական բազայում հասանելի կլինեն համալիր կենտրոնում աշխատող բոլոր կառույցներին, ինչը, ըստ ոլորտի պատասխանատուների, ավելի դյուրին կդարձնի այդ կառույցների համատեղ աշխատանքները: Կարող են արդյ՞ոք անհատ քաղաքացիները ևս դիմել սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ սեփական գրքույկների թվայնացման խնդրով՝ այդպիսով նաև հետագայում ստաժի հաշվարկման առումով խնդիրների առաջ չկանգնելու և փաստաթղթային քաշքշուքներից խուսափելու նպատակով,- հարցնում ենք Մելինե Մանուկյանին: Կարող են՝ բայց ոչ հիմա: Ընդ որում կարող են նաև արտերկրում գտնվող մեր համաքաղաքացիները, ովքեր հետագայում կենսաթոշակ են ստանալու արտերկրում: Աշխատանքային գրքույկների թվայնացման և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու գործընթացը կառավարության որոշմամբ՝ կավարտվի 2018-ի դեկտեմբերին: Թվայնացման ժամանակացույցը հասանելի է սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնական www.ssss.am կայքում: Ժամանակացույցով սահմանված ժամկետները կարող են վերանայվել Ծառայության տարածքային բաժնի և գործատուի միջև փոխհամաձայնության պարագայում: Որևէ լրացուցիչ ծանրաբեռնվածություն գործատուներն այս առումով չունեն: Մինչև իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները սոցապ ծառայության տարածքային բաժին ներկայացնելը, աշխատանքային գրքույկում լրացված վերջին էջից հետո գործատուները պետք է նշեն աշխատանքային գրքույկի լրացված բոլոր էջերի թիվը և ստորագրեն, կնիքի առկայության դեպքում՝ նաև կնքեն՝ նշելով ստորագրողի և կնքողի զբաղեցրած պաշտոնը, անունը և ազգանունը: Կարևոր նկատառում, որ հարկավոր է հաշվի առնել: Անկախ գրքույկում առկա տվյալները շտեմարանում ներառվելու հանգամանքից, քաղաքացիներին խորհուրդ է տրվում աշխատանքային գրքույկներն անպայմանորեն պահպանել, որպեսզի, գործընթացում թույլ տրված հնարավոր բացթողումները, հետագայում հնարավոր լինի հեշտությամբ լրացնել: Աշխատանքային գրքույկների թվայնացման նպատակը, ինչպես պնդում են մասնագետները, կենսաթոշակային իրավունքը լիարժեքորեն իրացնելն է: Նրանք վստահեցնում են, որ էապես կբարելավվի կենսաթոշակային և սոցիալական այլ ծառայությունների որակն ու հասցեականությունը, ինչպես նաև կնվազեն ոլորտում առկա բազմաթիվ, այդ թվում՝ և կոռուպցիոն ռիսկերը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *