ԱՐՑԱԽ

Ստեփանակերտում բնակելի երկու տուն է այրվել. տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 18:37-ին ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Արմենավան թաղամասում միաժամանակ 2 բնակելի տուն է այրվում:

Կանչն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 3 մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Վ. Համբարձումյան 29 հասցեում՝ դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհն անմիջապես տարածվել է նաև հարևանությամբ գտնվող առանձնատանը: Հրշեջ փրկարարները գործադրել են բոլոր ջանքերը և մարել կրակը: Ամբողջությամբ այրվել է Վ. Համբարձումյան 29 հասցեի տունը, մասնակի՝ հարևան բնակարանը:

Նշենք, որ դեպքի վայր են ժամանել նաև ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻՊԾ Ստեփանակերտի քաղաքային վարչության և բաժնի պատասխանատուները, «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը, «Արցախգազ» և «Արցախէներգո» և «Ջրմուղ կոյուղի» ՓԲ ընկերությունների ներկայացուցիչները, Ստեփանակերտի քաղաքապետարանի անձնակազմը՝ քաղաքապետի գլխավորությամբ:

Բռնկված հրդեհից ոչ ոք չի տուժել: Դեպքի ստուգմամբ զբաղվում է ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *