ԱՐՑԱԽ

Պատերազմում վիրավորված անձանց պետությունը կապահովի առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում

Կառավարությունը հաստատել է ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նախագծի ընդունումը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն ու նրանց տրվում է հավաստագիր, որով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները և այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնելու:

«Առաջարկում ենք, որ պատերազմի այն մասնակիցների համար, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, իրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- ասել է նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումն ունի 2 հիմնական նպատակ՝ պրոթեզավորման կարիք ունեցող հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել արագ ու հարմարավետ, 2-րդ՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի: «Մենք նաև հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք պատշաճ մասնագիտական վերապատրաստում կամ նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն: Տվյալ դեպքում, մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձիք ոչ թե համակերպվեն այդ կարգավիճակի հետ, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն», - նշել է վարչապետը:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *